Wednesday, October 26, 2011

Էլ ինչ է վերցնելու Ռուսաստանը

«Լրագիր» 26-10-2011- “Իհարկե, կցանկանայինք քննարկել նաև նոր ծրագրերը, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները”, ՌԴ վարչապետ Պուտինի հետ հանդիպմանը Մոսկվայում հայտարարել է Սերժ Սարգսյանը, երբ Պուտինի հետ խոսել է երկկողմ տնտեսական գործակցության մասին:
Ինչ նոր ծրագրեր կարող են լինել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որ ոլորտում, ինչ ծավալով եւ շեշտադրումով: Հայաստանի էներգետիկ ոլորտը գրեթե ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին կամ կառավարվում է Ռուսաստանի միջոցով: Բացառություն է կազմում Որոտանի Կասկադը, որը սակայն նույնպես հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ արդեն տեւական ժամանակ է գնում են այդ մասին խոսակցություններ:
Հնարավոր է, որ Ռուսաստանը արդեն փորձում է գործնականացնել դրանք եւ վերցնել նաեւ Որոտանի Կասկադը:
Հայաստանում թերեւս չի մնացել ռազմավարական որեւէ այլ օբյեկտ, որը չպատկանի Ռուսաստանին: Թերեւս մեկ էլ Զվարթնոց օդանավակայանն է բացառություն, որը 2001 թվականից 30 տարով հավատարմագրային կառավարման է տրվել արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանին, ով Հայաստանում փաստացի նոր եւ ժամանակակից օդանավակայան կառուցեց:
Հայաստանում կան այսպես ասած ապագայի կառույցներ, որոնք կարող են լինել հայ-ռուսական նոր ծրագիր: Խոսքն օրինակ նոր ատոմակայանի մասին է: Բայց Ռուսաստանը հայտարարել է, որ կտա դրա արժեքի միայն 20 տոկոսը: Ֆրանսիան էլ հայտարարեց այդ ատոմակայանի շինարարության մեջ ներգրավվելու պատրաստակամության մասին, երբ Սարկոզին Երեւանում էր: Արդյոք դա Երեւանին հնարավորություն կտա այսպես ասած փոքր շանտաժի ենթարկել ռուսներին եւ պահանջել ավելի մեծ ֆինանսավորում, քան 20 տոկոսը, ինչը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար:
Հայ-ռուսական նոր ծրագիր կարող է լինել նաեւ Հյուսիս-Հարավ միջպետական ավտոճանապարհը, որ Հայաստանն արդեն սկսել է կառուցել Ասիական բանկի օժանդակությամբ, ինչը սակայն առայժմ խիստ անբավարար է այդ ճանապարհի ամբողջական ծավալի համար: Մինչդեռ որեւէ այլ երկիր կամ կառույց դեռեւս գործնական հետաքրքրություն չի ցուցաբերել դրա նկատմամբ: Ու Հայաստանի հույսը գուցե նորից մնացել է Ռուսաստանը: Բայց ինչպե՞ս շահագրգռել Ռուսաստանին, ի՞նչ գնով` քաղաքական, թե տնտեսական: Եվ ինչքա՞ն կլինի այդ գինը:
Բավական թանկ գին է թերեւս պահանջվում նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու համար: Ընդհանրապես բանը թերեւս այն է, որ Հայաստանը ռազմավարական կարեւորության նախագծեր իրականացնելիս Ռուսաստանի հետ ունի թերեւս երկու խնդիր. հարցը ոչ միայն այն է, որ Ռուսաստանը համաձայնի ֆինանսական աջակցություն ցուցաբերել` դա առավելագույն հարցն է, այլ նաեւ նվազագույնը` չխանգարի Հայաստանին ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնել եւ իրականացնել նախագծերը:
Մինչդեռ կա այդպիսի տպավորություն, որ Ռուսաստանը մի կողմից կարող է ուղղակի չհամաձայնել ներդրում կատարել այդ նախագծերում, մյուս կողմից սակայն Հայաստանին էլ սպառնալ, որ եթե գտնի այլ ներդրողներ եւ առանց իրենց այդ ծրագրերն առաջ մղի, ապա կունենա խնդիրներ Ռուսաստանի հետ:
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հաճախ են հայտարարում, թե հայ-ռուսական տնտեսական գործակցությունը զարգանում է, բայց դեռ շատ տեղ ունի քաղաքական գործակցության մակարդակին հասնելու համար: Իրականում, հայ-ռուսական տնտեսական գործակցությունը վաղուց է հասել այդ մակարդակին եւ հավասարապես անառողջ է, ինչպես որ քաղաքական գործակցությունը, ինչպես հումանիտար գործակցությունը:
Հայ-ռուսական հարաբերության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել ծավալային տիրույթներից եւ գտնվում է որակական հարթության վրա: Այդտեղ է խնդիրը, որովհետեւ առկա որակական մակարդակում որքան ընդլայնվում է ծավալը, այդքան դեգրադացվում է հարաբերությունը որպես օրգանիզմ: Օրինակ, ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ներդրումները ոչ այնքան շահույթ, որքան քաղաքական շահ են հետապնդում, թեկուզ դա արվի տնտեսական շահավետության հաշվին: Պատահական չէ, որ Հայաստանում ռուսական ներդրումների “արժանացած” ոլորտներում չկա որակական աճ, որակական վերափոխում, արդիականացման դինամիկ եւ լայնածավալ գործընթաց: Եվ ինչպես կարող է լինել, եթե այդ բանը չկա անգամ Ռուսաստանում, որտեղ հույսն ընդամենը էներգակիրների տնտեսա-քաղաքական էֆեկտն է:
Տնտեսական էքսպանսիան ժամանակակից աշխարհում քաղաքական էքսպանսիայի առավել գործունակ տարբերակներից, գործիքներից մեկն է: Բայց այդ գործիքները կիրառող արեւմտյան տերություններն, օրինակ, շեշտը դնում են ավելի որակական, քան ծավալային ուղղության վրա:
Օրինակ, արեւմտյան քիչ ներդրումները Հայաստանի համար առավել ռազմավարական եւ հեռանկարային էֆեկտ ունեն, քան ռուսական շատ ներդրումները, որովհետեւ արեւմտյան ներդրումները Հայաստանում որակ են փոխում, եթե ոչ բացարձակապես, ապա զգալի եւ շոշափելի մասով: Դրանք Հայաստանում ժամանակակից բիզնես մշակույթ, փոխհարաբերություն, աշխատանքի ժամանակակից կուլտուրա, պատասխանատվության զգացում են ձեւավորում, առանց որի Հայաստանն ուղղակի անկարող է մտածել մրցունակ պետություն լինելու մասին:
Ռուսասկան ներդրումները ընդամենը Հայաստանի իշխանության քաղաքական հանգստությանն են ծառայում, նաեւ պետական վիճակագրությանը “հումքով” ապահովում, որը սակայն չունի ռազմավարական, հեռահար որակ եւ որպես պետություն Հայաստանի որակի բարձրացման հարցում դրա օգտակար գործողության գործակիցը կամ զրո է, կամ զրոյից քիչ է բարձր:
Այդ առումով, ժամանակն է խոսել թերեւս ոչ թե հայ-ռուսական նոր ծրագրերի, այլ առկա ծրագրերի նոր որակի մասին: Բայց հարցն այստեղ այն է, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունը ուզում է այդ մասին խոսել: Նույնիսկ հարց է, թե արդյոք Ռուսաստանի իշխանության հետ այդ մասին խոսել ուզում է Հայաստանի իշխանությունը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: