Thursday, October 6, 2011

Արտագաղթի ամենամեծ պատճառը կոռուպցիան է. Լևոն Տեր-Պետրոսյան

(Tert.am.) Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն երեկ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ՝ հանրակավաքի մասնակիցներին վստահեցնելով, որ իր ելույթը կօգնի շատ ավելի խորը հասկանալու այսօրվա Հայաստանի գլխավոր խնդիրը, որից կախված է մեր ազգի գոյության ապագան: Ըստ նրա՝ դա Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի խնդիրն է և արտագաղթի երևույթը: Տեր-Պետրոսյանն առաջարկեց այն դիտարկել հինգ հարթության վրա:
1. Պատմական
2. Էմոցիոնալ, հոգեբանական
3. Գենոֆոնդային
4. Քաղաքական
5. Ազգապահպանության, ազգի գոյատևման և ազգային անվտանգության հարթություն
Առաջին նախագահը սկսեց հայերի ծագումնաբանությունից, ու պատմության ակնարկերից՝ մ.թ.ա. 12-րդ դարից:

«Հետաքրքիր է, որ մեր ազգը երբեք ցեղային բաժանում չի ունեցել, բացարձակապես։ Այդպիսի փաստ գոյություն չունի: Դա կարող է նշանակել մեկ բան, որ առնվազն 5-րդ դարում կամ Ստրաբոնից սկսած, չկա այդպիսի բան, որ հայերը ցեղախմբերից կազմված լինեն: Ըստ էության Հայստանում նաև այլազգիներ բնակեցված չեն եղել։ Սկսած պատմական ժամանակաշրջանից՝ ողջ Մեծ Հայքը բնակեցված է եղել հայերով, բացառությամբ ծայրամասային որոշ շրջանների: Հայաստանը եղել է միախոս, միատար մի պետություն: Ես սա բացատրում եմ առնվազն հազար տարվա անընդհատ պետականության գոյությամբ, որը ազգ է ձևավորել: Շատ քիչ ժողովուրդների է այսպիսի բախտ վիճակվել»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

1988-ի երկրաշարը նա նույնպես դեմոգրաֆիական աղետ համարեց: «Դուք գիտեք նաև արտագաղթի մյուս պատճառներն ու պայմանները՝ էներգետիկ ճգնաժամ, Ղարաբաղյան պատերազմ:

Արտագաղթը գուցե սոցիալական և քաղաքական երևույթ է, բայց անհատի առումով դա մեծագույն ողբերգություն է: Միջավայրի, լեզվի, մշակույթի կտրուկ փոփոխություն է: Օտարության մեջ, բարեկամներից ու հարազատներից, իր երգից, լեզվից ու ծնողների գերեզմանից է կտրված»,- ասաց առաջին նախագահը:

Ըստ նրա՝ արտագաղթը երկու ողբերգություն է պարունակում՝ Հայաստանից բաժանվելու և օտարության մեջ հայտնվելու ողբերգություն: «Գաղթողների առաջին սերունդը դա ողբերգական սերունդ է, որը հանգիստ չի քնում, կարող է լավ ուտել ու հագնվել, բայց կորցնում է քունը: Գաղթողների առաջին սերունդը մեկ հոգս ու խնդիր ունի ՝ ապահովել իր տեղն այդ երկրում, հաց հայթայթել իր ընտանիքի համար և ապահովել էլեմենտար ապրուստը: Նրանք Հայ են՝ մինչև առաջին սերնդի մահը: Երկրորդ սերունդը այլ խնդիր է լուծում: Արդեն հիմնական կարիքները բավարարած մարդիկ կոմպլեքսավորվում են, և ուզում են հնարավորինս շուտ ձուլվել միջավայրին: Երրորդ սերունդն է, որ ազատ է և հայրենակարոտությունից, և ադապտացվելու բարդույթից: Բայց արդեն Հայ չեն: Թեև եթե առաջանում են հայրենասիրական զգացմունքներ, դառնում են շատ ավելի օգտակար իրենց հայրենիքին, քան հայերեն երգող ու նարդի խաղացող Հայերը: Մենք ունենք Սփյուռք և ունենք Հայաստան, բայց ապրում ենք բոլորովին այլ հոգսերով»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
«Ազգասիրության և հայրենասիրության հասկացությունները տարբեր են: Այո, Սփյուռքը ազգասեր է, կարող է հոնգուր-հոնգուր լաց լինել Կոմիտաս ու «Քոչարի» լսելիս, բայց հայրենասիրությունը բոլորովին այլ բան է: Հայաստանի հայությունը պետք է իր հույսը դնի սեփական ուժերի վրա միայն»,- նշեց նա:
«Հիմա հարցը քննենք գեների մակարդակով: Ովքե՞ր են արտագաղթում: Հիմնականում ուղեղները, ինտելեկտուալները, և այդ գաղթն ընդունող երկրները նույնիսկ շահագրգռված են դրանում: Արտագաղթում են լավագույն բանվորները, շինարարները, գյուղացիները: Էդ խոպանչիները հայ ժողովրդի ամենաաշախատասեր և հմուտ մարդիկ են, ովքեր փոխանակ Հայաստանում պալատներ կառուցելու՝ դուրս են գնում: Նրանք ռիսկի պատրաստ մարդիկ են, ովեր չեն վախենում օտարության դժվարություններից, վստահ են իրենց ուժերի վրա, որ կարող են հարստանալ: Տեսեք, թե ինչպիսի որակներ ենք կորցնում: 89-ի մարդահամարով երեք ու կես միլիոն էինք, այսօր երկուս ու կես միլիոն ենք, պատկերացրեք՝ որքան է ընկել Հայ ազգի որակը, և եթե այսպես շարունակվի, դառնում ենք ուրիշ մարդ: Այսօր մեր հեռուստատեսությունը, կինոն, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին փոխարինել են թուրքական մուղամները»,- մտահոգություն հայտնեց Տեր-Պետրոսյանը:

«Ես ասացի, որ արտագաղթում է բնակչության ակտիվ զանգվածը նաև քաղաքական տեսակետից: Շատերը զարմանում են, թե ինչու այսօրվա հանրահավաքների թափն այն չէ, ինչ որ չորս տարի առաջ: Նրանց ուղիղ կեսն այսօր Հայաստանում չէ: Ես խոր կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշանությունները նույնիսկ խրախուսում են արտագաղթը և ոչ միայն տնտեսական նկատառումներով, որ տեր կանգնեն նրանց ունեցվածքին ու մի փոքր հացին. Հայաստանում այլևս մանր և միջին գործարարություն չկա... Մնում է գյուղը... բայց դրա կեսն էլ են նվաճել օլիգարխներն ու պաշտոնյաները: Իմ կասկածներն անհիմն չեն, և դրա մասին բացահայտ խոսեց Հայաստանի վայ-վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հետո նա փորձեց արդարանալ, թե կատակել է, բայց ազգի ցավի հետ այդպիսի կատակ անելը սադիզմ է, բայց դա ֆրեյդիզմի դրսևորում է»,- ասաց նա՝ հավելելով. «Ես չեմ ուզում ձեզ սարսափեցնել, բայց մեր ազգը իսկապես ազգային աղետի առջև է կանգնած, եթե այսպես շարունակվի, մենք վերանում ենք: Եթե Հայաստանը պահպանվի որպես պետություն, կլինենք մի Լյուքսենբուրգ՝ օվկիանոսի կոնտրոնում: Մի երեսուն տարի հետո կլինենք մեկ միլիոնանոց պետություն: Այս երևույթի համար ուրիշ բառ դժվար է գտնել, քան ցեղասպանությունը... Արտագաղթ՝ նշանակում է մարդկանց, բանակի թվի նվազեցում, հետևաբար մարտունակության ցածրացում, մեր հարևանների դեմոգրաֆիական աճ: Մնացածը չեմ ասում, որ ձեզ չվախեցնեմ»:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթուն անդրադարձավ արտագաղթի պատճառներին:
«Կա երկու օբյեկտիվ պատճառ, որը երեք նախագահներին էլ չի հաջողվել լուծել:
Մեկը Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Երկրորդը՝ շրջափակումն է: Մենք ոչ ծով, ոչ էլ երկաթուղի ունենք: Արևմտյան ժամանակակից արդյունաբերության ծնունդը կապված է երկաթուղու հետ:
Բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ կախված մարդկանց տականքության աստիճանից: Այսպիսի թալան սեփական ժողովրդի նկատմամբ, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները, ոչ մոնղոլները, ոչ թուրքերը, ոչ ոք չի արել: Արտագաղթի ամենամեծ պատճառը կոռուպցիան է: Թալանում են ձեզանից յուրաքանչյուրի գրպանը: Ոչ մի օլիգարխ, պաշտոնյա բարիք չի ստեղծում, կազմակերպում է հնարավորությունը, իսկ բարիքը ստեղծում է ժողովուրդը: Հաջորդ պատճառը, դա օրինականության բացարձակ բացակայությունն է: Մարդիկ կարող են խեղճ ապրել, դիմանալ դժվարություններին, եթե հավատում են, որ կա արդարություն, հավասարություն, և այդ դժվարությունները բոլորին է բաժին հասնում, և ոչ թե մի մասը հղփանում, հարստանում, իսկ մյուս մասը տառապում են: Անգամ այսօր, եթե Հայաստանը փոքր բյուջե ունենար, ու դա հավասարապես բաժանվեր բոլորին, էլի չէին գնա: Բոլորը գիտեն՝ ընկար դատավորի ձեռքը, մեռած ես, ոչ մի արդարադատություն: Չի կարող որևէ արդար մարդ Հայաստանի դատարանում պաշտպանի իր իրավունքը, բա այսպիսի երկրից ինչպե՞ս չփախչի մարդ: Բայց ամենավատն այն է, որ գոնե հույս էլ չկա, որ էս վիճակը կփոխվի, և եթե մեզ՝ ձեզ հետ միասին, չհաջողվի ապացուցել, որ կա այդ հույսը և կարելի է ազատվել այս տականքներից, ավազակներից ու սրիկաներից... Մնացածը դուք գիտեք։ Շնորհակալություն»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

No comments: