Saturday, October 15, 2011

Երկխոսություն այլեւս չի լինի

«Լրագիր» 14-10-2011- Երկխոսության վերադառնալու մասին իշխանության կոչը կնշանակի, որ իրենք պատրաստ են գնալու արտահերթ ընտրությունների,- կարծում է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Վերջինս, անդրադառնալով կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են երկխոսության, սակայն չեն պատրաստվում խնդրել Կոնգրեսին, հակադարձեց. «Երկխոսության ականատես կլինենք, եթե իշխանությունը խնդրի այդ մասին»:
Ըստ նրա` երկխոսության ժամանակ, երբ Կոնգրեսը դնում էր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, տեղ էր թողնում բանակցությունների ու կոմպրոմիսների: Հիմա, սակայն, հնարավոր չի որեւէ կոմպրոմիս:
«Երկխոսությունն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շուրջ է, բայց հիմա մենք այլեւս արտահերթ ընտրությունների հարց չենք դնում, այլ դնում ենք միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել. երկխոսությունն իմաստ ուներ, երբ մտածում էինք արտահերթ ընտրությունների մասին: Այդ երկխոսությամբ կարող էինք պայմանավորվել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների ու պայմանների շուրջ: Բայց հիմա` Ս.Սարգսյանի անվերապահ հրաժարականի պահանջի դեպքում այլեւս ինչ երկխոսության մասին է խոսքը: Հիմա մենք դնում ենք հրաժարականի հարց, եւ այստեղ որեւէ կոմպրոմիս այլեւս չի կարող լինել»,- ասաց նա:

No comments: