Saturday, October 15, 2011

Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել և 13 օր անց ազատ են արձակել դասախոս Սեդային

Tert.am. 14-10-2011- Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել և մոտ 2 շաբաթ անց ազատ են արձակել Թուրքիայի քաղաքացիներ Սեդա Յըլանքայային, նրա ամուսնուն՝ Թահիր Օքան Յըլանքայային և Ռաբիա Քարաքայա Փոլաթին։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսին, սակայն հայտնի է դարձել միայն այսօր։
Ըստ թուրքական պարբերականի՝ Թուրքիայի 3 քաղաքացիները՝ «Ըշըք» համալսարանի դասախոսներ Սեդա Յըլանքայան և Ռաբիա Քարաքայա Փոլաթը, «Քոչ» համալսարանի դասախոս Թահիր Օքան Յըլանքայան, Իրան էին հրավիրվել Թեհրանի համալսարանի կողմից երկու երկրների միջև առկա կրթական համագործակցության ծրագրի շրջանակում։
Դասախոսները մասնակցել են Թեհրանի համալսարանում կազմակերպված «Թուրքիան և Իրանը. «Արաբական գարնան» և մերձավորարևելյան վերջին զարգացումները» խորագրով համաժողովին։
«Համաժողովի 2-րդ օրը Իրանի հետախուզության աշխատակիցները դասախոսներին առանց որևէ հիմքի ձերբակալել են, վերցրել նրանց անձնագրերը, համակարգիչներն ու հեռախոսները։ Ձերբակալությունից հետո Թուրքիայի քաղաքացիներին 13 օր շարունակ հարցաքննել են, որից հետո՝ կալանավորել։ Իրանի իշխանությունները դասախոսներին ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ միջամտել է Անկարան»,– գրում է «Սաբահը»՝ նշելով, որ Թուրքիա վերադառնալուց հետո իշխանությունները դասախոսներին խորհուրդ են տվել լռել տեղի ունեցածի մասին։

No comments: