Wednesday, October 5, 2011

ՀԱԿ-ը անիմաստ է համարում իշխանության հետ որևէ երկխոսություն

Tert.am. 4-10-2011- ՀԱԿ-ը ներկա պահին անիմաստ է համարում իշխանության հետ որևէ երկխոսություն։ Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ «ՀԱԿ-ը խնդիրների լուծումը տեսնում է ժողովրդի մոբիլիզացիայի մեջ։ Երկխոսությունն էլ կվերսկսենք միայն, եթե մեզ խնդրեն, և մենք քննարկենք՝ ընդառաջենք, թե ոչ»։
«Սեպտեմբերի 30-ին սկսեցինք հանրահավաքը և, անկեղծ ասած, այս հանրահավաքների շարքը Հայաստանում ստեղծել է լարված իրավիճակ։ Հասկանալով դա՝ առաջին իսկ օրը առաջարկեցինք երկխոսություն՝ 3 խողովակներով, դուք գիտեք դրանք։ Հասկանում էինք, քաղաքական վիճակը փոխվել է, և ձեռնարկեցինք այդ քայլը՝ իշխանություններին սարսափահար վիճակից հանելու։ Եվ երկիրը ապակայունացման վիճակից հեռու պահելու համար։ Եթե բարիկադներից այն կողմ բանական մարդիկ լինելին, կընդունեին առաջարկը։ Մեծ շոկի մեջ էին երևի հայտնվել, պապանձվել էին։ Շաբաթ և կիրակի օրը լռեցին, երկուշաբթի օրը փիղը մի մուկ ծնեց։ Հայտարարեցին՝ «անհօրինական հանրահավաքները ավարտեք, հետո կերկխոսենք»։ Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել։ Փորձում են նման պատասխանատվությամբ ցույց տալ, որ ուժեղ են»,- ասաց Զուրաբյանը։
Նա ներկայացրեց ՀԱԿ-ի նոր հայտարարությունը։ «Սեպտեմբերի 30-ին սկսվեց շուրջօրյա հանրահավաքը։ ՀԱԿ-ը հայտարարեց, որ պատրաստ է շուրջօրյա հանրահավաքին զուգահեռ սկսել բանակցությունները։ Դրանց վերսկսումը կարող է ծառայել որպես ստեղծված իրադրության մեղմում։ Հոկտեմբերի 3-ին իշխանությունը պատասխանեց ընդդիմության հասցեին էժանագույն խրատներով համեմված հայտարարությամբ, որով պահանջում էր վերջացնել հանրահավաքները։ Նման պահվածքը հայտնում է իշխանությունների վախը հանրահավաքի նկատմամբ։ Իշխանությունները չհասկացան, որ նրա (հանրահավաքների) հիմքում ընկած է իրենց չընտրված լինելու փաստը։ Իշխանությունները փոխարեն մեզ հետ բանակցեին, կենտրոնացած են հանրահավաքի սակավությունը ապահովելու համար։ Հայտարարել են աննախադեպ բլկադա։
ՀԱԿ-ը ներկա պահին անիմաստ է համարում իշխանության հետ որևէ երկխոսություն, խնդիրերի լուծումը տեսնում է ժողովրդի մոբիլիզացիայի մեջ։ Երկխոսությունն էլ կվերսկսենք միայն, եթե մեզ խնդրեն, և մենք քննարկենք՝ ընդառաջենք, թե ոչ»,- ասաց ՀԱԿ համակարգողը։

No comments: