Monday, November 21, 2011

Իրանական կողմի «հախից գալու» համար Երևանի քաղաքապետարանում հիշեցին երևանցուն

Panorama.am. 21-11-2011- Արդյոք Երևանի քաղաքապետարանը ղեկավար նոր կազմով կվերանայի՞ ու «ոչ» կասի մայրաքաղաքի սրտում իրանական կողմի` 50 հարկանի կենտրոն կառուցելու առաջարկին: Հասարակությանն արդեն մի քանի օր հուզող այս հարցին, որը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հնչեցրեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, դրական պատասխանի ակնկալիք նա տեսնում է այն բանում, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կարծես իր բացասական վերաբերմունքն է արտահայտել իր նախորդի` Սամվել Դանիելյանի օրոք հավանության արժանացած նախագծին: Սակայն «բայցեր» դեռ շատ կան:
Մասնավորապես, Ն. Սարգսյանը հայտարարել էր, որ այդ առաջարկը դեռևս պետք է քննարկվի, սակայն Մ. Մինասյանը կարծում է, որ այն նույնիսկ քննարկման էլ արժանի չէ և ուղղակի պետք է մերժվի: Սակայն թե ճարտարապետների միության նախագահը, թե ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը հստակ գիտակցում են, որ իրանական կողմի նախագծային հավակնությունները իրավական տեսակետից գրեթե անխոցելի են. հողը սեփականության իրավունքով հենց իրանական կիսապետական ընկերությանն է պատկանում: Բայց ի՞նչ արժեք է ունեցել գործարքը, և կոնկրետ ի՞նչ ընկերություն է կանգնած «կիսապետական» անվան տակ, ոչ մեկը, ոչ էլ մյուսը չհստակեցրեցին:
Երևանի քաղաքապետարանին այսօր միայն մեկ բան է մնում` մերժել իրանական կողմի նախագիծն այն պատճառաբանությամբ, թե ճարտարապետական առաջադրանքը ուշացել է (այն տրվել է 2009 թ.-ին): Բայց սա էլ, ըստ Հ. Պողոսյանի, լիարժեք ելք չի կարող լինել, քանի որ նրանք էլ կարող են հանդես գալ խնդրանքով` երկարաձգելու առաջադրանքի ժամկետները: Եվ քաղաքապետարանը թեև կարող է մերժել, բայց իրավական տեսանկյունից սա գործընթացային բարդություններ կառաջացնի: Բացի այդ, հողն իրենցն է, իսկ, ինչպես հայտնի է, «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում».
«Միակ ելքը երևանցու դիմակայումն է»,- շեշտեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Այսինքն, ստացվում է, որ երբ Երևանի քաղաքապետարանը իրանական կողմի հավակնություններին դրական պատասխան է տվել ու հնարավորություն ընձեռել սահմանված ժամկետներում հանդես գալ այդ տեղում ինչ-որ կառույցի նախագծով, այն ժամանակ հանրության կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրել, իսկ այսօր, երբ քաղաքապետարանի ղեկավարությունը փոխվել է, այն, իր ներկայացուցչի շուրթերով, հորդորում է երևանցուն խառնվել, որպեսզի իրավական տեսանկյունից անխոցելի նախագծի կառուցումը տապալվի:
«Օրենքով պարտադիր է, որ նախագիծը քննարկվեր նաև քաղաքաշինական խորհրդում, սակայն երբևէ այդ հարցը չի քննարկվել: Այնպես որ, ինձ զարմացնում է Սամվել Դանիելյանի համարձակությունը, որ տվել է այդ ճարտարապետական առաջադրանքը` տեղյակ չպահելով հանրությանը»,- նշեց Մ. Մինասյանը:
Այլ կերպ ասած` եթե հանրությունը վճռական լինի, ապա դա կօգնի թե ճարտարապետներին, թե քաղաքապետարանին ու իշխանություններին` մերժելու Երևանի կենտրոնում իրանական «թաուերի» գոյությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Շարլ Ազնավուրի հրապարակի այդ տարածքը, որն այսօր սեփականության իրավունքով պատկանում է իրանական կողմին, արդյոք վաճառքի ենթակա՞ էր, բանախոսները միահամուռ պատասխանատվությունը բարդեցին 90-ականների «դժվարին տարիների» վրա. «Վաճառվել է 90-ականներին, տարածքը Նկարիչների միությանն էր, որը շինարարություն իրականացնելու հնարավորություն չուներ: Իսկ շատ լավ հայտնի է, թե այն ժամանակ ինչ վիճակ էր, ու ինչ թվով տարածքներ են վաճառվել»,- նշեցին նրանք:
Ի սկզբանե այդ տարածքում պետք է լիներ Նկարիչների միության ցուցասրահներից մեկը, շինության մակարդակն էլ չգերազանցեր «Մոսկվա» կինոթատրոնի բարձրությունը, բայց թե որոշ ժամանակ հետո ի՞նչ կլինի այդ տարածքում, դեռ անհայտ է: Առջևում նախագծի քննարկումն է քաղաքաշինական բոլոր գերատեսչություններում, այդ թվում և Երևանի քաղաքապետարանը դեռ պետք է իր վերջնական խոսքն ասի:

No comments: