Wednesday, November 9, 2011

Ինչ դավադրություն են բացահայտել

«Լրագիր» 8-11-2011- Պաշտոնական հաստատում այն բանի, որ Հայաստանում դավադրություն է կանխվել, այդպես էլ չեղավ, եւ հասարակությանը մնում է գլխի ընկնել «տեղեկացված աղբյուրների» խոսակցություններից եւ մեկնաբանություններից: Թեեւ, «հանրությունը» կարող է հանգիստ շունչ քաշել՝ դավադրությունը, եթե այն եղել էլ է, «խեղդվել է օրորոցում»:
Բայց բազմաչարչար դավադրությունը Հայաստանում ի հայտ բերեց հետաքրքիր նրբերանգներ: Նախ, մարդիկ խորհեցին, թե ինչ դավադրություն կարող է լինել դեմոկրատական երկրում: Դավադրությունը պալատական գործ է, դա կարող է լինել պետական հեղաշրջում, ռազմական խունտա կամ պարզապես իշխանության ֆիզիկական ոչնչացում: Այդ բոլոր միջոցները ոչ մի կերպ չեն ձուլվում իշխանության ընտրովիությանը: Եվ հանրությանը հետաքրքիր կլիներ իմանալ, պատրաստվո՞ւմ էր արդյոք նման մի բան Հայաստանում, եւ հատկապես ինչն է կանխարգելել իշխանությունը: Եթե խոսքը իսկապես գնում էր հեղաշրջման մասին, ապա այդ մասին, երեւի թե, պետք է ասել եւ պատժել բոլորին, ով գնում է Սահմանադրության դեմ եւ իշխանության ընտրովիության դեմ:
Բայց ինչ, եթե Հայաստանի քաղաքական ցավագին ընկալումը դավադրություն է անվանել որոշակի քաղաքական ուժի կամ առանձին գործչի ցանկությունը՝ մտնել քաղաքական պայքարի մեջ: Դավադրություն է համարվում արդյոք նախընտրական պայքարի մեջ մտնելը, եթե ավելի վաղ եղել է միմյանց չխանգարելու պայմանավորվածություն: Ասենք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ Սարգսյանը նախագահական աթոռին կմնա երկու ժամկետ, իսկ Քոչարյանը հանկարծ որոշել է, որ բավական է նաեւ մեկը: Այդժամ Սարգսյանը լիակատար «ջենտլմենական» իրավունք ունի Քոչարյանին դավադիր հռչակել եւ կանխել դավադրությունը:
Այդպիսի բանը անհնար կլիներ, եթե «դավադիրն» ունենար նորմալ, ժողովրդավարական մտածողություն, եւ նա պայքարի մեջ մտներ ոչ թե պալատի հետնամուտքից, այլ ԿԸՀ բաց դարպասներից: Այդժամ դա ո՞վ կհամարեր դավադրություն:
Այնպես որ, դավադրության պատմությունը, եղել է այն, թե ոչ, ի հայտ է բերել քաղաքական դասի հոգեբանական բարդույթը, որը բաց պայքարը չի դիտարկում որպես կիրառելի քաղաքական մեթոդ: Քաղաքական դասը գերադասում է դավադրությունները, ստվերային համաձայնությունը, գողական հասկացությունները, ուժային լուծումները եւ այդ ամենին անվերապահ ենթարկվելը: Այն, որ կարելի է դիմել հանրային կարծիքին, դատարանին, ժողովրդավարական ինստիտուտներին, ընտրությունների, քաղաքական գործիչների մտքին չի գալիս, երեւի այն պատճառով, որ հանրային կարծիքը ոչ մի կերպ չի տեղավորվում ներկայում գործող ընտրական մեխանիզմներում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: