Wednesday, November 9, 2011

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ` ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ

Երեւանում էր Իրանի արտգործնախարար Սալեհին
«ԱԶԳ», 09-11-2011- Հայաստանն ու Իրանը երկկողմ հարաբերություններում որեւէ խնդիր չունեն: Այս մասին երեկ համատեղ ասուլիսում հայտարարեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին , Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համաձայնեց գործընկերոջ խոսքերին: Նալբանդյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստան այցելող Սալեհիի հետ քննարկել են ոչ միայն իրականացվող նախագծեր, այլեւ հեռանկարայինները, մասնավորապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում, նաեւ նախապատրաստվելով մինչեւ տարեվերջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան այցելությունը:
Սալեհիի խոսքերով արդեն, առաջին այցելությունից լավ հիշողություններով է մեկնելու «սիրելի ու հարեւան Հայաստանից»: Լավ հարաբերություններ ունեցող Հայաստանի ու Իրանի համար Սալեհին հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ Իրանից Հայաստան այցելուների թիվը կհատի 1 մլն-ը, երկու երկրներն էլ կանցնեն ոչ անցագրային ռեժիմի, այնպես, «կարծես մեկ երկրի տարածքում կտեղաշարժվեն», զարգացում կլինի նաեւ ռազմավարական, էներգետիկ, գազային, ճանապարհների ու երկաթգծի, սահմանային ընդհանուր ջրերի` ի դեմս ՀԷԿ-ի օգտագործման հարցերում:
Այս ամենին էլ վրադիր` Իրանն ու Հայաստանն, ըստ Սալեհիի, «շատ մոտ» տեսակետներ ունեն տարածաշրջանային ու միջազգային շատ հարցերում, ընդ որում, Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: «Համոզված եղեք, որ Իրանըՙ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ եւ նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ալի Աքբար Սալեհին:
Ընդունելով Իրանի արտաքին գործերի նախարարին` Հայաստանի նախագահը լավ հնարավորություն է համարել Հայաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները` առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:


ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը` Իրանին ճնշելու նպատակով
Իրանի միջուկային ծրագրի մասին ՄԱԳԱՏԷ-ի սպասվող զեկույցի առնչությամբ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հնչած հարցին Իրանի արտգործնախարարը նախ արձագանքեց ընդհանրականՙ մեկնաբանելով, որ այդ զեկույցի եւ դրանում բերվող փաստարկների նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է:
Ըստ Սալեհիի, որ ժամանակին ներկայացրել է Իրանը ՄԱԳԱՏԷ-ում, ինչպես նաեւ ղեկավարել է Իրանի միջուկային էներգիայի հարցերով կառույցը, Իրանի միջուկային ծրագրի հարցի արեւմտյան մոտեցումը զուտ քաղաքական է, հատկապես որ, իրանցի դիվանագետի վստահեցմամբ, ՄԱԳԱՏԷ-ն չի կարող որեւէ կերպ միջամտել մի հարցում, որը ոչ միջուկային է: Իսկ այդպիսին, ըստ Սալեհիի, կարող է համարվել հրթիռների հարցը, ավելին, միջուկային մարտագլխիկները որեւէ կապ չունեն միջուկային զենքի հետ:
Ամեն դեպքում, Սալեհիի ներկայացմամբ, բացասական է, երբ զուտ ենթադրությունների հիման վրա հարցականի տակ են դրվում Իրանի նպատակները, մինչդեռ «Իրանի դիրքորոշումը տասը տարում չի փոխվել, այն հաստատ է, որ ոչ խաղաղ նպատակներով միջուկային ծրագիրը չպետք է օգտագործվի»: Հատկապես երբ, ըստ Սալեհիի, «միջուկային զենքը Իրանի նման երկրի համար կանխարգելիչ զենք չէ», ուստի ՄԱԳԱՏԷ-ի նյութերը «որեւէ իսկություն չունեն», այլ միայն նպատակ ունեն «ճնշումներ գործադրել Իրանի վրա»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: