«ԱԶԳ», 15-11-2011- Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը որոշակի պարբերականությամբ ԼՂ հարցում իր երկրի դիրքորոշման շուրջը աղմկոտ «բացահայտումներ է անում»: Ընդսմին, ոչ մի անգամ ներկա չգտնվելով բանակցություններին եւ որեւէ շփում չունենալով հայկական կողմի հետ, նա համարվում է Իլհամ Ալիեւի հատուկ բանագնացը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Երեւի նրա դերակատարությունը սահմանափակվում է հարցազրույցներ տալով եւ «գաղափարներ» հնչեցնելով, որոնք «նորին նախագահական մեծությունը» նպատակահարմար չի տեսնում բարձրաձայնել անձամբ:Ազիմովի վերջին «գյուտն» այն է, որ «փոխզիջումը երկու համայնքների համատեղ գոյակցությունն է»: Կարելի է, իհարկե, դրան վերաբերվել հումորով: Բայց, ըստ երեւույթին, ադրբեջանական կողմի դիրքորոշման մեջ տեղի է ունենում «արժեքների վերագնահատում»: Ավելի ճիշտ կլինի ասել` ամեն ինչ վերադառնում է սկզբին. Բայրամ Սաֆարովը ԼՂ հայերին «ցույց է տալիս Հակարո գետի հակառակ կողմը», իսկ Ազիմովն էլ «երկու համայնքների համատեղ գոյակցությունը համարում հնարավոր փոխզիջում»:
Եվ կարծես իմաստ չկա Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցչի խոսքում այլ նրբերանգներ փնտրելու: Ասված է ակնհայտորեն պարզ. «Եթե մենք համաձայն ենք, որ Լեռնային Ղարաբաղում հայեր ապրեն, ապա դա արդեն իսկ փոխզիջում է»: Սա է Ազիմովի միտքը:
Խնդիրն այն է, թե ո՞վ է դրա հասցեատերը: Լեռնային Ղարաբա՞ղը: Հայաստա՞նը: Թե՞ միջազգային հանրությունը: Սա շատ կարեւոր է, քանի որ Ազիմովը գիտի, որ ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում իր երկրի նպատակը վաղուց է հայտնի: Եվ որ անցած բոլոր տարիներին ԼՂ հարցում առաջընթաց չի եղել, քանի որ Ադրբեջանը միշտ աչքի առաջ է ունեցել մի այնպիսի իրավիճակ, որը թույլ կտա «հասնել ընդմիշտ լուծման»: Մի դեպքում դա խորհրդային բռնամեքենայի օգնությամբ ԼՂ հայ մեծամասնության տեղահանման, հայրենազրկման ծրագիրն էր, որ մինչեւ 1991թ. օգոստոսյան խռովության տապալումն իրականացնում էր Մութալիբովը, հետո` արդեն անկախություն հռչակած Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ԼՂՀ դեմ:
Այսօր էլ, ահա, առաջարկվում է «երկու համայնքների գոյակցություն», իսկ եթե ոչ, ապա «Ադրբեջանն իրավասու է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ամեն գնով»: Մաքսուդ Իբրահիմբեկովն էլ իշխանություններին հորդորում է կարգավորման հարցում «չշտապել, պայմանագիր չստորագրել, քանի որ այդ դեպքում հայերը կարող են նույնիսկ Բաքու վերադառնալ, ուրիշ բան է, եթե մեր բանակը լուծեր Ղարաբաղի հարցը»:
Դա, ինչ խոսք, հեռանկար չէ: Մյուս կողմից էլ, սակայն, չկա չարիք առանց բարիքի. բոլորի համար պարզ պիտի դառնա, թե որն է Ադրբեջանի նպատակադրվածությունը եւ ինչ մակարդակի «գործընկեր» ունի բանակցություններում հայկական կողմը:
Այս իմաստով է, որ մենք ընդգծում ենք Ազիմովի «փոխզիջումային գաղափարի» հասցեատիրոջ հանգամանքը: Եթե դա ասվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ապա ո՞րն է լինելու վերջիններիս արձագանքը: Ազիմովն, ի վերջո, ինչ-որ «բայրամսաֆարով» կամ «ակիֆնաղի» չէ, այլ` բարձրաստիճան դիվանագետ եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ: Ըստ էության, նրա խոսքն Իլհամ Ալիեւի տեսակետն է:
Ազիմովի «բացահայտումը» որոշակիորեն ամրապնդում է հայկական կողմերի բանակցային դիրքորոշումը` որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել: Քանի որ մի երկիր, որտեղ ազգությամբ հայերի բնակությունն իսկ դիտվում է «մեծահոգություն» եւ «փոխզիջում», իրավասու չէ հավակնելու պետական կյանքի «եվրոպական մակարդակի» եւ «իր կազմում ազգային փոքրամասնության իրավունքներ երաշխավորելու»:
Ինչպես կարելի է ենթադրել, Ադրբեջանի իշխող վերնախավը «հաջողություններից գլխապտույտ» ունի: Հակառակ դեպքում փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «չէր իջնի բայրամսաֆարովի մակարդակին»: Չէր բացահայտի իր երկրի բուն էությունը: Դա գուցե արվել է նաեւ հուսահատությունից: Բայց դա էական նշանակություն չունի: Եվ միջազգային հանրությունը, ի դեմս միջնորդ երկրների, պետք է հստակորեն հակադարձի ադրբեջանական կողմի ֆաշիստական հռետորաբանությանը: Հակառակ դեպքում բանակցային գործընթացը կատարելապես արժեզուրկ կդառնա:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment