Monday, November 14, 2011

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Հովիկ Աբրահամյանն այսօր հրաժարական ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից։ Ստորև ներկայացնում ենք ԱԺ ամբիոնից նրա հնչեցրած խոսքը։
«Ինչպես գիտեք, ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը և արդեն իսկ հայատարարել եմ, որ այդ կարևոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները: Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ նախագահի, պետության, ժողովրդի և կուսացության առջև՝ համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի հոդված 20-ի 2 կետի, այսօր ներկայացնում եմ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը: 2008 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվելով ՀՀ ԱԺ նախագահ՝ հայտարարել եմ, որ ԱԺ գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ խորհրդարանը հասանելի լինի հասարակության համար: Թող անհամեստ չհնչի, բայց մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավոր թափանցիկ գործունեությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր համատեղ աշխատանքի համար: Սա իսկապես կարոևոր և արդյունավետ ժամանակ էր։
Կարծում եմ՝ ԱԺ-ն իրեն դրսևորել է որպես պետականության կայացման գործընթացի ակտիվ մասնակից։ Վստահ եմ, որ այսուհետև նույնպես ԱԺ-ը ակտիվությամբ մշտապես լինելու է պետության ու հասարակության շահերի պաշտպանը:
ԱԺ-ն կատարել ու կատարելու է օրենսդիր մարմնի իր գործառույթները, որովհետև ժողովրդից ստացած քվեն նշանակում է մշտական պատասխանատվություն ու պարտքի զգացում ընտրողի, ուրեմն և պետության առջև: Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով:
Լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ չեմ խուսափում իմ ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից ու պատգամավորական պարտականություններից: Ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել եմ, երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, տեղյակ եմ նրա խնդիրներին և պատրաստակամ՝ նպաստելու դրանց լուծմանը: Հարգելի պատգամավորներ, կարծում եմ բոլորիդ էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս և հատկապես իշխանությունների պատվի գործն է:
Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք և պատրաստկամություն»։

No comments: