Monday, November 14, 2011

Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը չի փոխվել

News.am. 14-11-2011- Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, եւ չեմ կարծում, որ կփոխվի դեսպանի փոփոխության դեպքում: Այս մասին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը նոյեմբերի 14-ի մամլո ասուլիսի ընթացքում: Հիշեցնենք, անգլիացի դիվանագետն իր քառամյա առաքելությունն ավարտում է ընթացիկ տարվա վերջին:
«Մենք հասկանում ենք` ինչ կարեւոր նշանակություն ունեն այդ դեպքերը ամեն մի հայի համար: Հասկանում եւ հարգում ենք Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների զոհերի հիշատակը: Ժամանակին Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտել է այդ գործողությունները», - նշել է դեսպանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի համար ներկայումս ավելի կարեւոր նշանակություն ունի այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները անդրադառնան այդ դեպքերին եւ վերանայեն ամեն ինչ: Ըստ դեսպանի` օգուտ չի լինի, եթե Մեծ Բրիտանիան իր տեսակետն արտահայտի պատմական դեպքերի վերաբերյալ: «Մենք ավելի սերտ հարաբերություններ ենք ուզում տեսնել հայ եւ թուրք ժողովուրդների եւ կառավարությունների միջեւ, եւ մեր ջանքերը դրան են ուղղված», - նշել է Չարլզ Լոնսդեյլը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ֆուտբոլային դիվնագիտությանը» եւ դրա հետ կապված որոշ հիասթափություններին` դեսպանը նշել է, որ չի կարելի չնկատել նաեւ դրականը: Ըստ նրա` ակնհայտ է, որ հարաբերություններն ավելի բաց են դարձել, եւ երկու երկրների բնակիչները շփվելու ցանկություն ունեն: Թուրք վերլուծաբանների շրջանում Հայաստան այցելելը նույնիսկ պարտադիր է դարձել: Ընդհանուր առմամբ, դեսպանի խոսքով, արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք: Հիշեցնենք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2009թ. Ցյուրիխում երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություններ էին ստորագրվել: Սակայն հետագայում արձանագրությունները սառեցվել էին Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:

No comments: