Wednesday, November 16, 2011

Բացիկներ` Անիի կոթողների պատկերներով

Panorama.am.15-11-2011- Նոյեմբերի 15-17-ը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով:
Անիին նվիրված բացիկներով գիտաժողովին ներկայացել է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն: Ընկերությունից հայտնում են, որ վերջինս թողարկել է 10-րդ դարավերջի հայկական հրաշագեղ մայրաքաղաքին նվիրված 3 բացիկներ` Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սմբատաշեն պարիսպները, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, յուրաքանչյուրը` 1000-ական տպաքանակով:
Պատմական Հայաստանի ճարտարապետական հնագույն մեծարժեք կոթողները «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից նամականիշերի և բացիկների տեսքով ներկայացվում են ոչ միայն ֆիլատելիստական շրջանակներին, այլ նաև հասարակության լայն շերտերին:
Դրանցից են, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների շարքը (4 նամականիշով գեղաթերթ)` թողարկված 2009 թ.-ին. Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ Գայանե եկեղեցին, Զվարթնոց տաճարը: Մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել նաև Հաղպատ և Սանահին վանքերին նվիրված նամականիշները, որոնք նույնպես ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Այս տարվանից նախատեսվում է սկսել և հանրությանը ներկայացնել հայկական խաչքարերին նվիրված նոր շարքը, որոնց առաջին թողարկումները նվիրված են Գոշավանքի` Պողոս վարպետի կողմից 13-րդ դարում կերտած խաչքարին և նույն դարի անհայտ վարպետի ևս մեկ խաչքարին:

No comments: