Sunday, November 27, 2011

Թուրք սոցիոլոգը Հարվարդում «վերծանել» է Հայոց ցեղասպանությունը

Panorama.am. 26-11-2011- Ամերիկաբնակ թուրք սոցիոլոգ Ֆաթմա Մուգե Գոչեքը «Թուրքիան ժամանակակից աշխարհում» խորագրով սեմինարների շարքում Հարվարդի համալսարանում դասախոսություն է կարդացել` նվիրված թուրքական պետության պատմության ընթացքում տեղի ունեցած զանգվածային կոտորածներին:
«The Armenian Mirror Spectator» անգլիալեզու պարբերականի փոխանցմամբ` դասախոսությունը վերնագրված է եղել` «Վերծանելով ժխտումը. Մոդեռնը, թուրքական պետությունը և 1915թ. հավաքական բռնությունները հայերի դեմ, 1789-2009թթ»:
Միջոցառմանը մասնակցել են 40 ունկնդիրներ՝ համալսարանի ուսանողներ, դասախոսներ, թուրքական և հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Ելույթում Ֆաթմա Մուգե Գոչեքը ներկայացրել է հայերի դեմ Թուրքիայի իրականացրած կոլեկտիվ բռնությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունները: «Ես սոցիոլոգ եմ, և երբ սկսեցի ուսումնասիրել այս թեման, հասկացա, որ մտել եմ քաղաքական ականադաշտ»,- նշել է սոցիոլոգը և հավելել. «Ես ցանկանում էի ուսումնասիրել 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ վիճարկվող հուշերը: Գիտնականների մեծ մասը համաձայն են, որ հայերի դեմ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են, ուստի` ինչո՞ւ է թուրքական պետությունը և հասարակությունը շարունակում հերքել այս երևույթը: Սա ոչ միայն էական խնդիր է սոցիոլոգի ուսումնասիրության համար, այլ նաև շատ կարևոր հարց ժամանակակից Թուրքիայում»:
Հեղինակի համոզմամբ, հատկանշական է որ, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտվել են ու նրանք բռնությունների են ենթարկվել երկրի պատմության ողջ ընթացքում` սկսած 1789թ-ից, երբ Ֆրանսիայում ընդունվեց մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հռչակագիրը. «Եթե նայեք Օսմանյան պատմության ողջ ընթացքին, կարող եք տեսնել, որ պատմությունը միշտ լի է եղել բռնություններով, որոնց մեջ առանձնանում են սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի շուրջ մեկդարյա կառավարման ընթացքում տեղի ունեցած բռնաճնշումները, որոնց հաջորդել են նաև Քեմալական հանրապետության օրոք հունական բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանությւոնները»:
Ամերիկաբնակ սոցիոլոգ Ֆաթմա Մուգե Գոչեքը Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է, մասնագիտացել է նաև գենդերային ուսումնասիրությունների ոլորտում: Նա հետազոտություններ է կատարում նաև տնտեսական զարգացման, ազգայնամոլության և կրոնական շարժումների ոլորտում:

No comments: