Sunday, November 27, 2011

Ավստրալացի պատգամավորներն իշխանություններից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 26-11-2011- Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի յոթ անդամներ Ավստրալիայի իշխանություններին կոչ են արել ճանաչել 20–րդ դարում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։
Ինչպես տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրությունից, պատգամավորներ Քրեյգ Քելին, Մալքոլմ Թերնբուլը, Մայքլ Դենբին և Ջոել Ֆիցգիբոնն միանալով հայ, ասորի և հույն համայնքների բարեկամ–պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Ջո Հոքեյին և Փոլ Ֆլետչերին, հարգանքի տուրք են մատուցել 20–րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունն Օսմանյան կայսրության կողմից 1914–1923թթ. քրիստոնյա փոքրամասնությունների դեմ կանխամտածված և սիստեմատիկ կերպով իրականացված քարոզարշավի արդյունք են»,–խորհրդարանում հայտարարել է Քելին՝ հավելով, որ ժամանակն է, որպեսզի Ավստրալիայի խորհրդարանը միանա վերոնշյալ ցեղասպանությունները ճանաչած աշխարհի մյուս խորհրդարաններին։

No comments: