Tuesday, November 29, 2011

Թուրք գրողը Իլհամ Ալիևին նույնացրել է Բաշար Ասադի հետ

Panorama.am. 29-11-2011- Թուրք ճանաչված գրող Ջահիթ Քըլըչը թուրքական haberx.com կայքի սյունակում զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի դիկտատոր նախագահ Բաշար Ասադի միջև: «Ազադլիգը» կրճատումներով հրապարակել է հոդվածը, որտեղ թուրք գրողն ընդգծել է, որ նրանք երկուսն էլ իշխանությունը ժառանգել են իրենց հայրերից:
«Սիրիան հորից` Հաֆիզ բին Ասադից ստացած Բաշար բին Հաֆիզ բին Ասադը, իհարկե, երկրին վերաբերվում է, ինչպես իր հոր ունեցվածքին և այդպես էլ ղեկավարում է: Ադրբեջանը հորից` Հեյդար բին Ալիից ստացած Իլհամ բին Հեյդար բին Ալին էլ երկիրը տեսնում է որպես իր հոր կալվածքը և այդպես էլ ղեկավարում է», -գրում է Ջ.Քըլըչը` ընդգծելով, որ ի տարբերություն Ասադի ազգությամբ արաբ ընտանիքի, Ալիևները ազգությամբ քուրդ են:
«Երկու երկրներում էլ խորհրդարանները ձևական բնույթ են կրում, երկրները ղեկավարվում են մեկ անձի կողմից: Երկու առաջնորդներն էլ իրենց հայրերից ժառանգություն ստացած ուսուցիչներ ունեն: Սիրիայում դա 70-ամյա Վալիդ Մուալիմն է, իսկ Ադրբեջանում` 73-ամյա Ռամիզ մուալիմը (նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը): Երկու երկրում էլ մեծ արդյունաբերություն չկա: Մնացած ամեն ինչը` արդյունաբերական ապրանքների ներմուծումն ու գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, ղեկավարում են առաջնորդների մերձավորները:
Երկրներում եղած բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները, ազգային բնական ռեսուրսներից ձեռք բերվող եկամուտների մեծ մասը առաջնորդների և նրանց շրջապատի ձեռքում են: Երկու երկրներում էլ ժողովրդի մեծ մասը բաժին չունի ազգային եկամուտից: Երկու երկրներում էլ բանակը, անվտանգության մարմինները և ոստիկանությունը ազգային լինելուց դուրս են և անցել են անառարկելի առաջնորդի հրամանատարությանը: Երկու երկրներում էլ խոսք չկա դեմոկրատիայի մասին և ընդդիմությունը խեղդվում է: Երկու երկրներում էլ դատարանը կորցրել է անկողմնակալությունը, արդարության հասկացողությունը վերացել, մարդիկ դատապարտվում են հրամաններով և հրահանգներով: Երկու երկրների բանտերը լի են ընդդիմադիր քաղաքական գործիչներով, մտավորականներով և լրագրողներով: Արաբական գարունը հարվածեց խիստ նման այդ երկու առաջնորդներից մեկին, այժմ հերթը մյուսինն է»,- եզրահանգում է թուրք գրողը:

No comments: