Wednesday, November 9, 2011

Լատվիայում փակում են Հայաստանին զենք վաճառած ընկերությունը

Tert.am. 9-11-2011- Մոլդովայի և Հայաստանի միջև լատվիական ընկերության միջնորդությամբ տեղի ունեցած զենքի գործարքն իրականացվել է խաբեությամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են մոլդովական լրատվամիջոցները, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Յանիս Սարտսը։
«Այն, ինչ կապված է այդ գործարիքի հետ, շատ բարդ է։ Այսօր մենք այդ գործարքի մասին իմանում ենք նոր և ավելի հետաքրքիր փաստեր։ Այդ պատճառով հիմա դժվար է ասել՝ ինչով կավարտվի այդ գործը»,– ասել է Սարտսը՝ նշելով, որ ներկա պահին այդ գործի առնչությամբ հետաքննություն են իրականացնում Լատվիայի հատուկ ծառայությունները։
Լատվիայի ՊՆ պաշտոնյան ասել է, որ ամենայն հավանականությամբ լատվիական Latspetsexports ընկերության արտոնագիրը հետ է կանչվելու, քանի որ արդեն հայտնի է՝ այդ ընկերությունը Մոլդովայի պաշտպանության նախարարությանը վստահեցրել է այն բանում, որ Լատվիայի իշխանությունները թույլատրել են իրեն իրականացնել այդ գործարքը։
Հիշեցենք, որ ավելի վաղ լատվիական «Ժամ» օրաթերթը գրել էր այն մասին, որ լրագրողների ձեռքում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը։
Ըստ պարբերականի՝ պայմանագրում սպառազինության վաճառքի գործում որպես կողմ են ներկայացվում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը և լատվիական Latspeceksports ընկերությունը։ Թերթը գրել էր, որ Latspeceksports–ը Մոլդովայից գնել է սպառազինություն և այն վաճառել Հայաստանին։
«Ժամը» գրել էր նաև, որ լատվիական ընկերությունը սպառազինության մատակարարաման համար չուներ Լատվիայի արտգործնախարարության պաշտոնական թույլտվությունը։ Latspeceksports–ն իբր դիմել է թույլտվություն ստանալու համար, սակայն ընկերությանը մերժել են։
Շաբաթներ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն»։ Այս տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն:
Բացի այդ, մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկենտանց, բայց բավական թանկարժեք զինատեսակներ շուկայականից անհամեմատ ցածր գնով։
Հայաստանին վաճառված զինատեսակներից են «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9В862, 9В863, ինչպես նաև «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9В871-3 վերահսկիչ–ստուգիչ համալիրները։ Դրանցից յուրաքանչյուրի գինը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը։ Վաճառված սպառազինության թվում կան «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ–Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։

No comments: