Monday, November 14, 2011

Հայաստանի խորհրդարանի խոսնակն այսօր հրաժարական կտա

News.am. 13-11-2011- Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր` նոյեմբերի 14-ին, հրաժարական կտա: Աբրահամյանը կլքի պաշտոնը եւ կկենտրոնանա իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու գործին` 2012թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:Հենց դրանով է նա պայմանավորել նոյեմբերի 1-ին հրապարակած իր անսպասելի որոշումը:
Նշենք, որ խոսնակի հրաժարականի մասին հայտարարությունից հետո 5-օրյա ժամկետում հրաժարականը պետք է հաստատվի: Միայն դրանից հետո խորհրդարանականները նոր խոսնակի ընտրություններ կանցկացնեն: Սակայն խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու հետ կապված լարված պայքար չի լինի, քանի որ խորհրդարանական ընտրություններին 5-6 ամիս է մնացել, եւ տվյալ պաշտոնը հետաքրքրություն չի ներկայացնում:Ավելի վաղ այդ պաշտոնից, փաստորեն, խուսանավեց Հայաստանի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը: «Այդ թեմայով քաղաքական քննարկումներ չեն եղել: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է իմ համոզմունքները, ապա նման նախասիրություններ ես ամենեւին չունեմ», - ասել է Դ. Հարությունյանը:
Ներկա պահին մամուլում խոսնակի պաշտոնի երկու թեկնածուների անուն է շրջանառվում` ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյան եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան:

No comments: