Monday, November 14, 2011

Ծառուկյանի «հաջորդ դասը»

«Լրագիր» 14-11-2011- Իջեւանի քաղաքապետի ընտրությանը հաղթեց ԲՀԿ թեկնածուն: Երեւանից ու Աբովյանից ԲՀԿ-ն բավական ստվար «դեսանտ էր» իջեցրել Իջեւանում, պատգամավորներից, հասարակական կազմակերպություններից սկսած, վերջացրած «սպորտսմեններով»:
Ընտրատեղամասերում իրականացվել է հսկողություն, եւ ընտրությանն էլ ՀՀԿ-ն կարծես թե ակտիվ չի եղել իր թեկնածուին աջակցելու հարցում:
Իջեւանի քաղաքապետի ընտրությունը հատկանշական էր մի քանի առումներով: Նախ, «առանձին վերցրած» համայնքում կարծես թե կիրառվեց ընտրական որոշակի փորձ, ստուգվեցին ուժերն ու ընտրատեխնոլոգիաները: Երկրորդ հատկանշական պահն այն էր, որ կարծես թե փորձարկվեց ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» տեղային փուլը, ՀՀԿ համեմատական պասիվության պայմաններում:
Սակայն առավել հետաքրքիրն այն էր, որ Իջեւանում կարծես թե տեղի ունեցավ «բոլոր կուսակցություններն ընդդեմ ՀՀԿ-ի» իրավիճակ:
Բանն այն է, որ ընտրությանը Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության եւ Ժառանգության ուժերն այս կամ այն կերպ աջակցում էին ԲՀԿ թեկնածուին: Այս հանգամանքը կարելի է կարեւորել մի շարք կողմերից: Նախ, որ Հայաստանի քաղաքական ուժերը, չնայած իրենց սուր տարաձայնություններին, փաստացի, կարող են «միավորվել» հանուն մի ընդհանուր նպատակի, ընտրական գործընթացներում:
Ճիշտ է, այդ նպատակն այս դեպքում կարող է թվալ խիստ տեղային՝ թույլ չտալ հանրապետական քաղաքապետին վերընտրվել, սակայն տվյալ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ հանուն նորմալ ընտրությունների անցկացման քաղաքական ուժերն իսկապես կարող են համագործակցել, եւ դրանից հրաժարվելու նրանց բերած պատճառաբանություններն անընդունելի են հասարակության համար:
Հաջորդ հատկանշական պահն այն էր, որ ՀՀԿ-ն առնաձնապես չդիմեց «ավանդական» մեթոդներին, հանուն իր թեկնածուի հաղթանակի: Փոխարենը, ՀՀԿ-ն կարող է նաեւ կշտամբել իր կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, եւ մյուս քաղաքական ուժերին, քաղաքապետի ընտրությանն «ավելորդ ակտիվություն» ցուցաբերելու համար:

No comments: