Monday, November 14, 2011

Արցախյան հակամարտության պատմությունը՝ յոթ ֆիլմով, վեց լեզվով

«Tert.am», 14.11.11: Հայերին հարազատ բուլղարուհի Ցվետանա Պասկալևան եկող շաբաթ կներկայացնի երեքուկես ժամանոց իր յոթ ֆիլմը, որ պատմում է ղարանբաղյան հակամարտության պատմությունը՝ սկզբից մինչև Շուշիի գրավումը, վեց լեզվով։ «Ղարաբաղի վերքերը» խորագրով այս ֆիլմի տեսագրությունները մշակվել են լավագույն տեխնոլոգիաներով ԱՄՆ-ում, որտեղ էլ արտոնագրվել ու թողարկվել է այն։ Այս պահին այս ֆիլմն արցախյան հակամարտության պատմության մասին եզակի նախաձեռնություն է. հաղորդեց Հ1 հեռուստատեսության կիրակնօրյա «Առաջին լրատվականը»։
«Երբ ես «Վեստի»-ով ցույց տվեցի, թե ինչ էր կատարվում Շահումյանում, դա պարզապես տեղեկատվական բում էր։ Ես ցույց տվեցի, թե ինչպես է խորհրդային բանակը ադրբեջանական օմոնի հետ տեղահանում հայկական բնակչությանը իր հողերից»,- հիշել է հեռուստալրագրողուհին։
Ֆիլմաշարի յոթ մասերը ներկայացնում են հակամարտությունն՝ ըստ ժամանակագրության և ռազմավարական փուլերի։ Առաջին մասը՝ «Հույսի բարձունքները» (1991թ.) Շահումյանի բարձունքների և երբեք չմեռնող հույսի մասին է։

Երկրորդը շրջափակման դաժան շրջափուլի մասին է, երբ արդեն հանձնվել էին Շահումյանն ու Մարտակերտը, և ամենօրյա ռմբակոծությունները ավերակ էին դարձրել Ստեփանակերտը։

«Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» մասում նա պատմել է պատերազմի մասին՝ առանց ռազմական գործողությունների՝ ծերերի ու երեխաների, որբերի ու այրիների կյանքը երկրում, ուր պատերազմ է։ «Ես այն ժամանակ շատ միամիտ էի, կարծում էի, իմ պատրաստած ամեն մի ռեպորտաժն ու հաղորդած լուրը կարող են ինչ-որ բան փոխել իրադարձությունների զարգացման մեջ»,- ասել է նա։

Չորրորդ ֆիլմն անդրադառնում է հայկական փոքրաթիվ ջոկատներից ազգային բանակի կազմավորմանը։ Հինգերորդը ներկայացնում է զինվորագրված մտավորականներին՝ տարբեր բնույթի և մասնագիտությունների տեր մարդկանց, որ թողել էին իրենց կյանքն ու մարտի դաշտ եկել։
Վեցերորդը հրադադարի շրջանն է ներկայացնում՝ ավերակներից մաքրվող քաղաք, վերակառուցված ծննդատուն ու նորածինների կտրուկ աճ։ Իսկ որպես ամփոփում՝ ներկայացվում է Շուշիի ազատագրումը։ «Այսօր, քսան տարի անց, ես կարող եմ յուրօրինակ հաշվետվություն տալ։ Այս հաշվետվությանը ես մոտեցել եմ առանձնահատուկ պատասխանատվությամբ, յուրաքանչյուր բառի և կադրի տակ կարող եմ դնել ստորագրությունս»,- ասել է Պասկալևան։
Վեց լեզուներով ներկայացվող այս ֆիլմաշարն, ըստ հեղինակի, մեծ ազդեցություն կունենա միջազգային հանրության կարծիքի վրա։ Սակայն նա առավել կարևորում է այն ուղերձը, որ պիտի ստանա հայ երիտասարդն այս պատումից, քանի որ «պետք է իմանալ այն գինը, որ վճարվել է Արցախի ազատագրության համար»:

No comments: