Wednesday, November 9, 2011

Նանսենի արձանը բացվեց Երևանում

Tert.am. 9-11-2011- Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի արձանը տեղադրվեց Երևանի սրտում: Բացման արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները և Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը, որը հույս հայտնեց, որ Հայաստան կատարած իր առաջին այցելությունը հիմք կդառնա հայ ժողովրդի հետ իր բարեկամության:
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և դեռ չեմ հասցրել շատ բան տեսնել, սակայն ընդունելությունը, որին արժանացա, գերազանցեց բոլոր սպասելիքներս: Ինձ համար անսպասելի էր, որ պապիկիս արձանի բացումը այսպիսի մեծ իրադարձության կվերածվի, որին ներկա կլինի անգամ հանրապետության նախագահը,- Tert.am-ի հետ զրույցում նշեց տիկին Գրևը։
Հայաստանում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորենը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ այցը համընկնում է Նանսենի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նա իրոք մեծ մարդ էր և պատմության մեջ մնաց հատկապես փախստականների համար իր արած գործերով: Վստահ եմ՝ յուրաքանչյուր նորվեգացի հպարտ կլինի իր հայրենակցի արձանը քաղաքի հենց սրտում տեսնելու համար: Ես շատ տպավորված եմ Նանսենի հիշատակը վառ պահելու համար Ձեր գործած ջանքերով, և կարծում եմ՝ սա ոչ միայն կպահի հիշտակը, այլև լավ ուսուցում կլինի երիտասարդների համար»,- նշեց նա։

No comments: