Wednesday, November 9, 2011

Իրանի ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա՝ ԱԳՆ-ում ու Ազգային անվտանգության խորհրդում բանակցություններ վարելու համար

1in.am. 9-11-2011- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագերի-Կյանին մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարության ու Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալու համար։
Այդ բանակցություններում կողմերը քննարկելու են ատոմային ոլորտում Իրանի գործունեության հարցը, ԱԷՄԳ-ի դիրքորոշումը և նրա զեկույցը՝ նվիրված իրանական միջուկային ծրագրին, ռուսական նախաձեռնությամբ իրանական միջուկային ծրագրի փուլային կարգավորումը, Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։
Բացի այդ, կողմերը քննարկելու են ոչ վաղ անցյալում պաշտոնական Վաշինգտոնի ներկայացրած մեղադրանքը, որով իրանական հատուկ ծառայությունները մեղադրվել են ԱՄՆ տարածքում մի շարք ահաբեկչական ակտեր իրականացնելու և մասնավորապես Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ։
Եվ վերջապես, հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են նաև անվտանգության ոլորտում Ռուսաստանի ու Իրանի միջև համագործակցության հարցը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի նախագահ Քրիշտիան Վուլֆի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմաշունչ հռետորիկան (Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հակաիրանական պատերազմական հայտարարությունը) կարող է հանգեցնել աղետի։

No comments: