Wednesday, November 9, 2011

Ինչը դուր չի գալիս Քոչարյանին

«Լրագիր» 9-11-2011- Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունից: Այդ մասին ոչ միայն փորձագետները, լրագրողները կամ քաղաքական այլ ուժեր են խոսում կամ ենթադրում, այլ նաեւ հենց ինքը Քոչարյանը՝ իր տարբեր հարցազրույցներով, որոնցում ոչ միայն ակնարկել, այլ նաեւ երբեմն զգուշավոր, նրբորեն, բայց բավական կոնկրետ մատնանշել է իր դժգոհությունները:
Ինչու է Քոչարյանը դժգոհ Սերժ Սարգսյանից: Արդյոք դրա պատճառն այն է, որ երկրորդ նախագահին մտահոգում է երկրի վիճակն ու նա համարում է, որ Սարգսյանը վատ է կառավարում եւ երկիրը տանում է դեպի տնտեսական եւ քաղաքական թուլացում, դրանից բխող վտանգներով:
Այդ դեպքում Քոչարյանը պետք է ինքն իր դեմ դուրս գար նաեւ իր նախագահության շրջանում, որովհետեւ Սերժ Սարգսյանը կարծես թե չի ներմուծել որեւէ նոր կանոն, որը չկար Քոչարյանի ժամանակ: Պարզապես նա սկսել է այդ կանոնները ծառայեցնել իր իշխանությանը:
Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանին անհանգստացնում է այն, որ Սարգսյանը կարող է խախտել “անվտանգության կանոնները”, չտիրապետել իրավիճակին, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության, վտանգելով նաեւ Քոչարյանին: Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե տիրապետում է իրավիճակին, կարողացել է ընդդիմության հետ խաղում մանեւրել այնքան, մինչեւ Կոնգրեսն անվտանգության աստիճան սպառեց իր մոբիլիզացիոն ռեսուրսը, իսկ արտաքին կենտրոնների հետ էլ կարծես թե կարողացել է հաստատել հավասարակշիռ հարաբերություն, վտանգավոր խանդ չառաջացնելով որեւէ մեկի մոտ:
Միգուցե Քոչարյանն ունի առավել մանրամասն տեղեկություններ եւ նրա համար իրավիճակն այդքան էլ անվտանգ չէ, քան Սերժ Սարգսյանի քաղաքականությանը հետեւելիս թվում է հանրությանը: Միգուցե Քոչարյանը տեղյակ է, թե ինչի հաշվին է Սերժ Սարգսյանը կարողացել պայմանավորվել արտաքին կենտրոնների հետ, դրա շնորհիվ ուժեղացել ներսում եւ մանեւրել ընդդիմության հետ խաղում:
Միգուցե Քոչարյանը գիտե Սերժ Սարգսյանի այդ պայմանավորվածության գինը, ինչն էլ նրա մոտ առաջացրել է տագնապներ: Հնարավոր է, որ երկրորդ նախագահը տեղյակ է Սարգսյանի որոշակի խոստումներից, որ տրվել են Արեւմուտքին համակարգային փոփոխություններ իրականացնելու առումով: Այդ պարագայում իրավիճակն իսկապես դառնում է երկակի վտանգավոր: Բանն այն է, որ եթե Սարգսյանը չի կատարում այդ խոստումները, ապա իշխանությունը հայտնվում է վտանգի առաջ, այսինքն վտանգվում են Քոչարյանն ու Սարգսյանը համատեղ:
Իսկ եթե Սարգսյանը կատարում է համակարգային փոփոխության խոստումները, ապա այստեղ բնականաբար թիրախը դառնում է համակարգի այսպես ասած քոչարյանական սեգմենտը: Ռոբերտ Քոչարյանի մոտ բնականաբար հիմնավոր մտահոգություն կա այն մասին, որ Սերժ Սարգսյանը ոչ թե իր, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանական սեգմենտի հաշվին է կատարելու համակարգային փոփոխության մասին Արեւմուտքին տված խոստումները:
Այդ իրավիճակն է թերեւս Ռոբերտ Քոչարյանին հանել Սերժ Սարգսյանի դեմ:
Այստեղ հատկանշական է այն, որ Քոչարյանը թերեւս որոշակիորեն կորցրել է վտանգի հարցում Ռուսաստանի միարժեք աջացության հույսը, որովհետեւ Սերժ Սարգսյանը կարծես թե կարողացել է ընդհանուր կանոնների շուրջ պայմանավորվել նաեւ Մոսկվայի հետ:
Այստեղ ըստ երեւույթին նպաստավոր դեր է խաղացել միջազգային տնտեսա-քաղաքական իրավիճակը, որը բավական թուլացրել է Ռուսաստանի դիրքը, այդպիսով մեծացնելով Արեւմուտքի հնարավորություններն այսպես ասած ռուսական “պրոտեկտորատների” կամ “ֆորպոստերի” “ապագաղութացման” ուղղությամբ:
Միթե Սերժ Սարգսյանը կդավաճանի Քոչարյանին, կարող են հարցնել շատերը: Իհարկե ոչ: Ինչու պետք է դավաճանի, առավել եւս, որ նրանք ունեն համատեղ նշանակալի անցյալ: Սերժ Սարգսյանը Քոչարյանին չի դավաճանի, բայց նաեւ չի դավաճանի իր շահին, եթե այն հանկարծ պահանջի դավաճանել Քոչարյանին:
Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է իշխանության, նա անկասկած հասկանում է այդ նրբերանգները, լավ պատկերացնելով, թե դրանք որքան առարկայական են Հայաստանի տիպի իշխանության պարագայում, որը հենված չէ հասարակության քվեի վրա:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: