Tuesday, November 15, 2011

Եթե մենք ի լուր աշխարհի չենք հայտնում, թե ինչ ենք արել, դա չի նշանակում, որ անպատժելիության մթնոլորտ կա. Սեյրան Օհանյան

Tert.am. 15-11-2011- Աշնանային զորակոչն արդեն մեկնարկել է, և չնայած մեծ նախապատրաստական աշխատանքին լինում են նաև բացթողումներ, կաշառակերության դեպքեր։ Այս մասին այսօր խոսեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում։ «Մենք ոչ միայն բուժհանձնաժողովների աշխատանքի վրա ենք սևեռվել, այլ հետևում ենք զորակոչային բոլոր գործառույթներին։ Այսօր առողջ պատանիներ զորակոչելը մեր առաջնային խնդիրն է, և նաև՝ բավական մեծ հիմքերի վրա են դրված ահազանգման և բողոքարկման հնարավորությունները»,- նշեց նա։
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ գործում է զորակոչի մոնիտորինգային հանձնաժողով, որի հեռախոսահամարն է 52 34 86։ «Բացի դրանից՝ 1-88 թեժ գիծն է գործում, և ես կոչ եմ անում քաղաքացիներին դիմել պաշտպանության նախարարության աշխատակազմին, նաև՝ ինձ, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունն առաջային է»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հաղորդելով, որ ՄԻՊ-ը ևս ամեն պահի իրավասու է մտնել ՊՆ և ստուգել, թե ինչպես է ընթանում զորակոչի հանձնաժողովների աշխատանքը։
«Կենտրոնական հավաքակայանում է որոշվում, թե որ զորակոչիկը որտեղ պիտի ծառայի՝ հետազոտելով յուրաքանչյուրի ունակությունները,- հիշեցրեց նա։- Հաշվի առնելով, որ մեր բանակը առանձնահատուկ բանակ է և հերթապահություն է իրականացնում՝ առաջնահերթ համալրվում են սահմանային զորամասերը»։ Այս համակարգը, ըստ նախարարի, հնարավորություն չի տալիս զինվորներին տեղաբաշխել անհատական նախընտրությամբ, սակայն դա կարողանում են անել անձերը, «որոնց բարոյական նկարագրի առումով ևս լուրջ աշխատանքներ են տարվում»։
«Ոչ մի բանակ երկրագնդի վրա զերծ չէ անվտանգության կանոնների խախտումներից։ Վեց ամիս ծառայելու ընթացքում մենք տալիս ենք զինվորին մինիմալ գիտելիքներ»,- զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում ողբերգական դեպքերի մասին հարցին պատասխանեց նախարարը։
Զինվորի պատրաստության գործընթացը, ըստ նրա, այն համակարգված աշխատանքն է, որ սկսվում է դպրոցում։ «Այդ առումով բոլոր դպրոցներն այսօր կցված են զորմասերին, և մենք տարաբնույթ միջոցառումներ ենք անցկացնում՝ դպրոցների և բուհերի, նաև ղեկավարների հետ։ Ֆիզիկական պատրաստության առումով մենք ունենք լուրջ խնդիր՝ այսօր բանակ են զորակչվում մարդիկ, որ ֆիզիկական խնդիրներ ունեն, որ սպորտով չեն զբաղվում, իսկ մեր բուժհանձնաժողովների կողմից ստուգումն իրենց առաջին բուժզննումն է լինում»,- ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախարարն ասաց, որ բանակը հասարակությունից կարող են առանձնացնել միայն պրոֆեսիոնալ բանակները։ «Մեր բանակը, ելնելով բանակի առանձնահատկություններից, այսօր մաքսիմալ բաց է։ Քաղաքացիական ազատ հասարակությունից այն տարբերվում է միայն նրանով, որ առաջնորդվում է որոշակի ռեժիմով, կանոնակարգով,- նշեց նա։- Լավ կլիներ, որ հասարակության մեջ լիներ մի մթնոլորտ, որ յուրաքանչյուր քաղաքացու ծառայությունը լիներ պատվի առարկա, գովաբանվեր, և այդ ոգով դաստիարակվեին երեխաները»։

Սպանությունների և ինքնասպանությունների նկատմամբ, ըստ նախարարի, անհանդուրժող է առաջին հերթին բանակի ղեկավարությունը, քանի որ ամեն մի հանցագործության բացահայտում ամրապնդում է անվտանգությունն ու կարոգուկանոնը։ Ըստ նրա՝ այսօրվա տեխնոլոգիաների պարագայում ուղղակի հնարավոր չէ որևէ բան թաքցնել հասարակությունից։ Իսկ հետաքննության ու դատավարության գործընթացին մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողները։ «Ցավոք սրտի, գաղտնիությունից ելնելով, մենք իրենց չենք հայտնում, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, եթե մի անգամ ներկա լինեին, կտեսնեին, թե որքան խստորեն ենք հետևում ամեն գործի,- ասաց նա։ -Եթե մենք ի լուր աշխարհի չենք հայտնում, թե ինչ ենք արել և ինչպես ենք արել, դա չի նշանակում, որ անպատժելիության մթնլոորտ կա։ Եվ, ի դեպ, լավ աշխատողներն էլ խրախուսանքի են արժանանում»։
Անդրադառնալով՝ ՊՆ-ի ՀԿ-ներին ուղղված խիստ քննադատությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես նորից հանրությանը ներկայացրել եմ մեր տեսակետը, որ պատրաստ ենք հասարակական երկխոսության. ՀԿ-ների հետ մեր բանակը աշխատում է իր ծնված օրվանից։ Բոլոր խորհուրդներն ընդունվում են։ Բայց մենք անհանդուրժող ենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են փնովել բանակը, զրոյի հավասարեցնել մեր արած աշխատանքը։ Եվ մի՞թե իրենք են դատավոր։ Մեզ կարող են դատել մասնագետներ՝ այս ոլորտում թրծված մարդիկ»։
Այսօր, ըստ նախարարի՝ լիովին անվտանգ է մեր երկիրը։ «Ես հատուկ ցուցումներ եմ տվել, որ այս տարվա մեր անկախության տոների ժամանակ տիրող մթնոլորտը կարողանանք պահպանել։ Իսկ այն անդրադառնում է մեր բանակի մշտական կատարելագործման վրա։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր բանակ իր քննությունը ռազմական գործողությունների ժամանակ է հանձնում։ Ըստ էության, այդ քննությունը մենք տվել ենք արցախյան հերոսամարտի ժամանակ. իսկ վերջին 17 տարվա ընթացքում մենք զերծ ենք պահում մեր երկիրը ռազմական գործողություններից։ Ինչքա՞ն դա կտևի, չգիտեմ, բայց համոզված եմ, որ ինչպիսի իրավիճակ էլ լինի, մենք պատրաստ ենք լինելու մեր ժողովրդին պահպանել։ Եվ այդ առումով, ես կուզեի մեր թիկունքում զգալ մեր ժողովրդի տաք շունչը»,- ասաց նախարարը։

No comments: