Wednesday, December 21, 2011

2015թ–ին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին «Վշտապատում» գիրքը՝ թուրքերենով

Tert.am. 21-12-2011- Ազգային արխիվը ձեռք է բերել բարձրակարգ թվայնացնող սարքավորումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ըստ նրա՝ արխիվային թղթերն այնքան շատ են, որ դրանք թվայնացնելու համար տարիներ են անհրաժեշտ:
«Ավելի մեծ խնդիր է այդ արխիվային նյութերը հրապարակելը: Բայց մենք պատրաստվում ենք ցեղասպանության հարյուր ամյակին: 2015թ-ին լույս կտեսնի ցեղասպանության մասին «Վշտապատում» գիրքը, որը ոչ միայն ռուսերեն ու անգլերեն լեզուներով կհրապարակվի, այլ նաև թուրքերեն»,-ասաց նա:
Ամատունի Վիրաբյանը իր մտահոգությունը հայտնեց հատկապես Վրաստանում պահպանվող արխիվային նյութերի վերաբերյալ:
«Այս առումով մենք շատ խնդիրներ ունենք Վրաստանի հետ, սակայն արդեն համագործակցության պայմանագիր կնքեցինք: Որոշակի գումար պետք է փոխանցենք դրանց համար, որից հետո դրանք մեզ կհասնեն: Դրանց մեծ մասը վերաբերում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ տեղաշարժերին: Շատ ղարաբաղցիներ տեղափոխվել են Լոռի, Վրաստան: Եվ մենք պետք է ցույց տանք, որ այդտեղ հայեր են բնակեցված եղել»,-ասաց նա:
Ազգային արխիվը պատրաստվում է նաև ցուցահանդես կազմակերպել Ղրիմում, Կիևում, Մոսկվայում և Երևանում: Ցուցահանդեսին ներկայացված փաստաթղթերը վկայելու են այն բանի մասին, որ հայերը դեռևս Եկատերինա թագուհու իշխանության օրոք մեծ դերակատարություն են ունեցել թե ռազմական, թե տնտեսական և թե մշակութային ոլորտներում:

No comments: