Wednesday, December 7, 2011

23 տարի առաջ այս օրը Սպիտակում ցնցվեց երկիրն, ու քանդվեց Հայաստանի գրեթե մեկ երրորդը

Tert.am. 7-12-2011- Այսօր դեկտեմբերի 7-ն է. այս ամսաթիվը շատերի համար մնում է սգո խորհրդանիշ. 1988-ի երկրաշարժի 23-րդ տարելիցն է։
Այս երկրաշարժը Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երևանից հետո ամենամեծ քաղաքները՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ու Վանաձորը վերածեց աղետի գոտու: Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին իրենց տանիքը:
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները ցույց տվեցին‚ որ այն ժամանակ Խորհրդային Միությունում գործող սեյսմապաշտպանության բոլոր օղակները բավական ցածր մակարդակի վրա էին։ Կատարված էր ոչ պատշաճ շինարարական աշխատանք՝ պոկված քարակտորների և պանելների վրա որոշ տեղերում բոլորովին չկար ցեմենտ, հասարակությունը չէր տիրապետում արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ տարրական գիտելիքների։
Ըստ ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանի՝ բարձրացված պանելի տակ հայտնաբերվել է դպրոցի երկրորդ դասարանը. բոլոր աշակերտները տեղերում նստած, ձեռքերը՝ հետևում. «Նայում էիր, սիրտդ մղկտում էր… իսկ դասարանն առաջին հարկում էր. ուղղակի կարող էին պատուհանից դուրս գալ… ուսուցիչը պատվիրել էր նստել»,- նշել է Գրիգորյանը «Ուրվագիծ»՝ Վանի երկրաշարժի մասին հաղորդմանը հյուրընկալվելով։
Անօթևան գյումրեցիների մի մասը վերաբնակվեց՝ Հայաստանում, արտերկրում, ոմանք՝ դեռ սպասում են հայրենի քաղաքում իրենց բնակարանային խնդրի լուծմանը։ Իսկ այս ուղղությամբ լուրջ քայլեր սկսել են իրականացվել միայն վերջին մի քանի տարիներին:
«2008-ին Հայաստանի կառավարությունը աղետի գոտում անօթևան բնակիչների բնակարանային խնդրի վերջնական լուծման ծրագիր մշակեց: Այդ ծրագրով 2008-2011-ին պետբյուջեից հատկացվեց 76 մլրդ դրամ, որով պետք է բնակարաններ կառուցվեին անօթևան շուրջ 4860 ընտանիքների համար: 2009-ից սկսվեցին մեծածավալ շինարարական աշխատանքները: Երկու տարվա ընթացքում կատարվեցին 49,5 մլրդ դրամի ներդրումներ և բնակարաններ ստացան 1566 ընտանիքներ: 2011-ին պետական ներդրումները աղետի գոտում շարունակվեցին, իրականացվեցին ևս 26 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ և բնակարաններ ստացան ևս 3223 ընտանիքներ: 2012-ին ծրագիրը նախատեսվում է շարունակել և բնակարանով ապահովել 1720 ընտանիքի, դրանով իսկ վերջնականապես լուծելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների բնակարանային հարցը»,- գրում է այսօր «Ազգ» օրաթերթը:

No comments: