Saturday, December 24, 2011

Հայաստանի ու Իրանի նախագահները մի շարք համաձայնագրեր են կնքել, այդ թվում էներգետիկայի բնագավառում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երեկ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով, նրա եւ Սերժ Սարգսյանի կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն:

Ստորեն ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
Հայաստանի հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպեց եւ բանակցություններ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպումներ ունեցավ նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Երկու պետությունների նախագահների միջեւ բանակցություններն ընթացան բարեկամական եւ փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահները քննարկեցին Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների տարբեր ոլորտներին, ներկա վիճակին եւ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրեցին երկու պետությունների տեսակետները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները:
Հայաստանի եւ Իրանի նախագահները կարեւորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը եւ շեշտեցին ս.թ. մայիսի 29-30-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացման եւ ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության եւ ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման առումով:

Այցի ընթացքում ստորագրվեցին.

- «Հայաստանի կառավարության եւ Իրանի կառավարության միջեւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:

- «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի կառավարության եւ Իրանի կառավարության միջեւ ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,

- «ՀՀ կառավարության եւ ԻԻՀ կառավարության միջեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,

- «ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջեւ բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,

- «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի եւ ԻԻՀ ստանդարտների եւ արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջեւ» Փոխըմբռնման հուշագիր,

- «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր

Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Նախագահները կարեւորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաեւ երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Նախագահներն ընդգծեցին Հայաստանում եւ Իրանում գործարար շրջանակների տնտեսական եւ ներդումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարեւորությունը:

Հայաստանի եւ Իրանի նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարեւորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարեւորեցին համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ամրապնդումը:
Հայաստանի եւ Իրանի նախագահներն անդրադառնալով մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձություններին` ընդգծեցին տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության, ինչպես նաեւ ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը:
Նախագահները կարեւորեցին զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Նրանք նշեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի եւ Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծեցին բանակցությունների միջոցով եւ դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարեւորությունը:
Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում»:

No comments: