Sunday, December 11, 2011

Ծայրահեղ աղքատներ, ցոփացած հարուստներ

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանի հետ զրուցեցինք տնտեսական իրավիճակի մասին

-Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել էր «2010թ. ՀՀ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության» հիմնական արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը՝1.2 մլն մարդ կամ 35,8%-ը աղքատ է։ Նրանցից մոտ 694 հազարը շատ աղքատ է, իսկ 98 հազարը՝ ծայրահեղ աղքատ:
-Բերված վիճակագրության հետ համաձայն չեմ, հատկապես բնակչության ընդհանուր թվի առումով: Ազգային վիճակագրական ծառայությունը չի ներկայացնում իրական պատկերը, իսկ իրականությունը շատ ավելի ողբալի է: Համենայն դեպս, ԱՎԾ-ն հաստատում է հասարակության շերտավորման փաստը. մի կողմում ծայրահեղ աղքատներ, մյուսում` ցոփացած հարուստներ: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, աղքատության մակարդակը Հայաստանում հասնում է 50-60 տոկոսի, որոնց 46%-ը մեկ աշխատատեղ զբաղեցնողներ են: Այսինքն մեր երկրում զբաղվածության եւ գործազրկության միջեւ սահման գոյություն չունի, առավել եւս գործատուների կամայականությունների արդյունքում աշխատանք ունեցողն ամեն րոպե կարող է հայտնվել փողոցում: Նորմավորված աշխատանքային օր ասվածը վաղուց մոռացված հասկացություն է... Բնակչության զանգվածային աղքատացմանը հարվածում է նաեւ անսանձ գնաճը, ինչի արդյունքում էլ ավելի է խորանում հասարակության շերտավորումը: Սա նշանակում է, որ տարիներ շարունակ թմբկահարվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերի փուչիկը եւս պայթեց:

-ԱՎԾ-ն նաեւ մեկ այլ հետաքրքիր տվյալ էր հրապարակել՝ այս տարվա նոյեմբերին 12-ամսյա գնաճի ցուցանիշը (այսինքն` գնաճը անցած տարվա նոյեմբերի համեմատ) կազմել է ընդամենը 4.8 տոկոս:
-Իրական գնաճի մասին կարելի է դատել բնակչության կենսամակարդակով: Մի կողմից բերում են տվյալներ, որ յուրաքանչյուր երրորդը աղքատ է, մյուս կողմից` ցույց են տալիս գնաճի ցածր մակարդակ: Գրագետ նկարեք, պարոնայք, կամ գնումներ կատարեք ինքներդ, մի վստահեք ձեր ոչ տնտեսագետ վարորդներին:

-Տարօրինակ չէ՞, որ իշխանությունները այդպես «ազնվաբար» խոստովանում են այդ փաստերը: Եթե նրանք արդեն խոսում են այդ մասին, ի՞նչ է սա նշանակում: Միգուցե ցանկանում են ինչ-որ բա՞ն փոխել, ուղղել:
-Ընտրություններից առաջ “ազնվաբար” նորից փորձում են հասարակության գիտակցության մեջ ներարկել այն, որ բնակչության թվաքանակն այնուամենայնիվ 3.2 միլիոն է: Վաղը, մյուս օրը իշխանապաշտպան ինչ-որ մեկը դուրս կգա ուղիղ եթեր եւ բոլորիս կհամոզի, որ եվրոպական երկրներում էլ վիճակն այդպիսին է, ֆինանսական ճգնաժամը դարանակալած ոսոխի նման թույլ չտվեց մեր նախագահին ամբողջությամբ իրացնելու իր նախընտրական խոստումները, եւ այլն, եւ այլն: Հետո կշտապեն ասել, որ շարունակականության համար եւս հինգ տարի է պետք... եւ նման այլ դատարկաբանություններ: Իսկ փաստն այն է, որ մեր Հայրենիքը բզկտողների գայլային ախորժակն անհագուրդ է:

-ԱԺ-ում քննարկվեց հաջորդ տարվա բյուջեն, որով նախատեսված է նաեւ կենսաթոշակների բարձրացում: Ձեր կարծիքով, իշխանությունների քայլերը որքանո՞վ կարող են օգնել թեկուզ նույն աղքատության հաղթահարմանը:
-Թոշակների յուրաքանչյուր աննշան բարձրացումն ուղեկցվում է գնաճով, սոցիալական ծառայությունների սակագների բարձրացմամբ, այսինքն դրանց ազդեցությամբ թոշակների իրական մակարդակն ընկնում է: Իշխանությունների եւ ոչ մի քայլ ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, դա եւս նախընտրական PR ակցիա է: Թոշակների միջին մակարդակը մեր երկրում կազմում է նվազագույն աշխատավարձի 80 տոկոսը, սակայն Եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն, նվազագույն թույլատրելի աշխատավարձը պետք է կազմի երկրի միջին աշխատավարձի 60 տոկոսը: Այսինքն, ըստ նշված փաստաթղթի, նաեւ հաշվի առնելով այն, որ այս իշխանավորները սիրում են բերել զարգացած երկրների օրինակներ, նվազագույն աշխատավարձը պետք է լինի 68 հազար 400 դրամ: Այստեղից` թոշակի միջին մակարդակը պետք է կազմի 41 հազար դրամ: Պատրա՞ստ է կառավարությունը նման “շռայլության”: Կարծում եմ՝ ոչ:

-Այս բոլոր ցուցանիշներից հետո Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել էր, թե Հայաստանի տնտեսության այս տարվա ցուցանիշները բավական լավն են, ինչը հնարավորություն կտա տարեվերջին հաջողություններ արձանագրել եւ տարին տնտեսական առումով հաջողված համարել:
-Իրական ցուցանիշները տեսանելի են բնակչության կենսամակարդակով: Եթե Հայաստանում ամեն երրորդն աղքատ է, ինչպես կարելի է «լավ» բառն օգտագործել: Ուրեմն՝ երկրում ամեն երկրորդը, կամ բնակչության 90 տոկոսը պետք է աղքատ լինեն, որ այս երկրի պատասխանատուները սթափվե՞ն: Ի վերջո, թվանկարիչներն իրենք են, թող անցնեն վագրային թռիչքի, հնարավոր է հալվա ասելով` բերանները քաղցրանա...

-Ընդդիմությունը միշտ նման դեպքերում որպես ելք մատնանշում է իշխանափոխությունը: Ձեր կարծիքով, կա՞ ստեղծված իրավիճակում այլ ելք, թե դուք եւս պնդում եք արտահերթ ընտրությունների մասին: Եթե կան այլ ելքեր, որոնք են դրանք:
-Ես, նախ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ հետո նաեւ ընդդիմության ներկայացուցիչ, գտնում եմ, որ արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն: Օրինակարգ իշխանությունների ձեւավորումը քմահաճույք չէ: Մեր երկրում տիրում է համակարգային քաոս, պետությունը որպես օրգանիզմ ծանր հիվանդ է, հիվանդի փրկությունը եւս պետք է լինի համակարգային, արմատական: Միակ ելքը դա է, այլ ելքերը կնմանվեն տեղային անզգայացմանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 10-12-2011.

No comments: