Saturday, December 10, 2011

Ղարաբաղը կփոխի՞ Սահմանադրությունը

«Լրագիր» Այսօր Ղարաբաղը նշում է անկախության եւ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը:
Հանրաքվեից 20 տարի անց, որի ժամանակ բնակչությունը քվեարկել է հանուն Ադրբեջանից անկախացման, երկիրը «հետկոնֆլիկտային» դեպրեսիայի մեջ է: Այն կապված է ոչ այնքան նյութական խնդիրների, որովհետեւ, փառք Աստծո, ռեսուրսները բավականացնում են, հայ ժողովուրդն էլ աջակցում է ղարաբաղցիներին: Դեպրեսիան կապված է անլիարժեքության կոմպլեքսի հետ, երբ դու չես կարողանում քեզ տեր զգալ եւ մշտապես փնտրում ես ինչ-որ մեկին, ով ցույց կտա, թե ինչ անել:
Ղարաբաղյան ժողովուրդը տիրոջ իրավունքը վաստակել է պատերազմի ժամանակ, որի արդյունքները դեռ ոչ ոք չի բողոքարկել, բացի Ադրբեջանից: Հնարավոր է, մեկ էլ Հայաստանից, որը միայն նոր է հրաժարվում կարգավորման ամեն տեսակ սկզբունքներից, որոնք Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ են դնում:
Ղարաբաղյան իշխանությունը, ի տարբերություն ժողովրդի, նույնպես այն կասկածի տակ է դնում: 5 տարի առաջ, ընդունելով Սահմանադրությունը, իշխանությունը կետ է մտցրել, ըստ որի ԼՂՀ իշխանությունը տարածվում է իր իրավասության տակ գտնվող տարածքների վրա, սակայն մինչ այն պահը, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը:
Այս իմպոտենտ ձեւակերպումը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում: Այն ժամանակ մամուլը գրեց, որ նման ձեւակերպում չի կարող լինել անկախ պետության Սահմանադրությունում: Իշխանությունները դա բացատրել են նրանով, որ դեռ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում ղարաբաղյան որոշ տարածքներ, սակայն դա շատ թույլ բացատրություն էր: Այդ ձեւակերպումը Սահմանադրության մեջ կարող էր մտցվել միայն Հայաստանի հորդորով, որը մասնակցում էր բանակցություններին եւ չէր ցանկանում խոսել միջնորդների հետ` որպես հիմք ընդունելով ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Նշվում էր, թե դա կնշանակեր կանխորոշել բանակցությունների ելքը եւ կորցնել մանեւրելու հնարավորությունը:
Սակայն անցավ 5 տարի, բանակցություններն ավելի են մոտենում ստատուս-քվոյի լեգիտիմացմանը, այսինքն ներկայիս սահմաններին, եւ հասկանալի է դառնում, որ նախորդ 5 տարիները պարզապես կորսված են: Կորսված են Ղարաբաղի իշխանությունների դիվանագիտական խիզախության, նույնիսկ խենթության բացակայության պատճառով:
Հետաքրքիր է, որ Սահմանադրության 5-րդ տարեդարձի օրը ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը առաջարկել է ուղղումներ մտցնել հենց այդ հոդվածում:
«Եթե հարցնեք իմ կարծիքը, ապա պետք է փոխել 142-րդ` ԼՂՀ Սահմանադրության վերջին հոդվածը, որը սահմանում է երկրի պետական սահմանը», նշել է Աթանեսյանը, ընդգծելով, որ Սահմանադրությունում պետք է ամրագրվեն ԼՂՀ այսօրվա փաստացի սահմանները: Աթանեսյանի խոսքով, դա պետք է ամրագրվի ոչ թե վերջին, այլ 3-րդ կամ 4-րդ հոդվածում: Այն պետք է անձեռնմխելի կարգավիճակ ունենա:
Նաիրա Հայրումյան

No comments: