«Դաշնակցություն» խմբակցությունն այսօր ձեռնարկել էր Կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկություն: Այն, ինչպես և սպասվում էր, տապալվեց՝ չնայած, պետք է նշել, որ սրանից հետո ՀՀԿ-ի ներսում հաստատ պետք է խոսակցություն լինի, թե այդ ի՞նչպես եղավ, որ իշխանական կոլալիցիայից միայն 48 պատգամավոր դեմ քվեարկեց: Փաստ է, որ ՀՀԿ-ի և կոալիցիոն պատգամավորների մի որոշ հատվածի ուղղակի չէին կարողացել «բերման ենթարկել» խորհրդարան, կամ էլ վստահ էին, որ ներկա ուժերով էլ կբավարարվեն: Չի բացառվում, որ տեղի ունեցավ փոքր «սաբոտաժ»՝ կառավարության «չուզողների» կողմից, որոնց երկար պայքարն ընդդեմ Տիգրան Սարգսյանի հաջողությամբ չէր պսակվել: Ինչևիցե, անդրադառնանք Դաշնակցության այս նախագծին՝ անվստահություն հայտնել գործադիրին: Այն, որ վարչապետի կաբինետի գործունեությունն անթերի չէ, երկու կարծիք լինել չի կարող, բայց նաև այնպես չէ, որ երկրում առկա բոլոր մեղքերի համար պատասխանատու է հենց այս Կառավարությունը: Հայաստանի խնդիրները շատ խորքային են, և ՀՅԴ-ում, բնականաբար, շատ էլ լավ տեղեկացված են դրա մասին: Իրականում, սակայն, ՀՅԴ-ն այս քայլին «լավ օրից չէ», որ գնացել էր: Թերևս կարելի է ենթադրել, որ մի շարք ՀՅԴ-ական գործիչներ, ովքեր այս երկրի ամենավերջին մարդիկ չեն՝ բիզնեսների առումով, կուզեին «չթարսվել» Տիգրան Սարգսյանի հետ, սակայն կային մի շարք գործոններ, որոնք ՀՅԴ-ն շատ լավ էլ հաշվի է առնում, և դրանցից կարևորն ընտրություններն են: Պարզից էլ պարզ է, որ Դաշնակցությունում հասկացել են՝ միայն Երևանից Անկարայի վրա մատ թափ տալով ու ազգային խնդիրներ բարձրացնելով՝ ձայներ չես հավաքի, ժողովուրդը ներհայաստանյան խնդիրների մասին է ուզում ավելի շատ լսել: Հետո՝ ի լուր ողջ աշխարհի, հայտարարել են, թե «ընդդիմադիր են», սակայն այնքան «ընդդիմություն են», ինչքանով որ այս անգամ կառավարության մաս չեն կազմել՝ նախարարներ չունեն: Մնացած բոլոր առումներով ՀՅԴ-ն դասական հայաստանյան իշխանություն է՝ իր բիզնեսներով, խորհրդարանական հանձնաժողովներով, տարբեր մակարդակի «դաբրոներով»: Դե իսկ Սփյուռքի դաշնակցականներն էլ, որոնք ՀՅԴ Հայաստանի կառույցի վրա մեծ ազդեցություն ունեն, action են ցանկանում տեսնել: Է հա՝ action-ը լավ բան է, բայց Հայաստանի ՀՅԴ-ականները շատ լավ էլ հասկանում են, որ եթե շատ «խորանան», «անհամ բաներ» կարող է ստացվել, ուստի և որոշել են գնալ «ամենաանշառ» քայլին՝ «ձևի» համար կառավարությանն անվստահություն հայտնել: Հաստատ գիտեին, որ չի ստացվելու, բայց հո գլուխ չեն գովալու իրենց ակտիվ «ընդդիմադիր» կեցվածքի մասին: Մանավանդ՝ մի քանի ամսից ընտրություններ են, խոսելու շատ բան կա:
Ժիրայր Մուրադյան
Ժիրայր Մուրադյան


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment