Monday, December 12, 2011

Թետչերը Գորբաչովին հրավիրել է իր հուղարկավորության արարողությանը

Tert.am. 11-12-2011- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը կազմել է սեփական հուղարկավորության արարողության պլանը։
Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, «Երկաթյա տիկինը» նախընտրել է հրաժարվել «նման դեպքերում» իրականացվող մի քանի պետական արարողակարգերից։ Այսպես, Թետչերը չի ցանկանում, որպեսզի իր հուղարկավորության արարողության ժամանակ ռազմական ինքնաթիռներ օդ բարձրանան, ինչպես նաև իր պատվին մեծամասշտաբ քաղաքացիական հոգեհանգիստ անցկացվի։
Թետչերը ցանկանում է, որպեսզի իր հրաժեշտի արարողությունն իրականացվի Մեծ Բրիտանիայի խորհրադարանի մեծ դահլիճում, որտեղ մտնելու «թույլտվություն կունենան» սահմանափակ թվով մարդիկ. պատգամավորներ և հատուկ հրավիրված անձինք։
«Երկաթյա լեդին» «պատգամել է» իրեն հողին հանձնել Չելսիում՝ իր ամուսնու կողքին։
Բրիտանական լրավամիջոցները հաղորդում են, որ հրաժեշտի արարողությանը, Մարգարետի կամքով, պետք է մասնակցեն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II՝ թագավորական ընտանիքի անդամների ուղեկցությամբ, ինչպես նաև իր կառավարման ժամանակաշրջանի համաշխարհային դեմքերը՝ Միխայիլ Գորբաչովը, Նենսի Ռեյգանը ՝ ԱՄՆ նախին նախագահի կինը։
Մարգարետ Թետչերը, որն աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկն է, երկիրը կառավարել է 1979թ. մայիսի 4–ից մինչև 1990թ. նոյեմբերի 28–ը՝ ավելի քան 11 ու կես տարի, որոնց ընթացքում խորհրդարանական ընտրություններին 3 անգամ հաղթանակ են տարել պահպանողականները (1979, 1983 և 1987թթ.)։

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Թետչերը «Երկաթյա լեդի» համբավ է ձեռք բերել։ Նա անցկացրել է մի շարք կոշտ տնտեսական բարեփոխումներ, հանդես է եկել հարկերը բարձրացնելու նախաձեռնությամբ։
Բրիտանական լրատվամիջոցները միևնույն ժամանակ ընդգծում են, որ վերջին շրջանում Թետչերի առողջական վիճակը չի վատթարացել։
Անցած տարի «երկաթյա լեդին» նշեց իր 85–ամյակը։

No comments: