«Լրագիր» 12-12-2011- Մերձդնեստրի Հանրապետությունում ավարտվում է նախագահի ընտրության քվեների հաշվարկը: Ոչ պաշտոնական տվյալով, առաջին տեղում խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեվչուկն է, երկրորդ-երրորդ տեղերում են խորհրդարանի ներկայիս խոսնակ, «Կրեմլի թեկնածու» Անատոլի Կամինսկին եւ գործող նախագահ Իգոր Սմիռնովը: Ենթադրվում է, որ պայքարը կշարունակվի երկրորդ փուլում:Անցյալ շաբաթ հրաժարական տվեց Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին, որը նախագահի նոր ընտրություններ նշանակեց 2012 թ. մարտին: Այդ ընտրությանը մասնակցելու է Ալլա Ջիոեւան, որը Կրեմլի թեկնածուն չէ եւ որը վիճարկեց նախագահի ընտրությունների արդյունքները եւ հասավ նոր ընտրություններ անցկացնելու որոշմանը:
Ավելի վաղ, գրեթե նույն բանը տեղի ունեցավ Աբխազիայում, երբ նախագահի ընտրությանը հաղթանակ տարավ ոչ Կրեմլի թեկնածուն՝ Ակվամբը:
ԼՂՀ-ում 2012-ի ամռանը տեղի կունենա նախագահի ընտրություն: Ռուսաստանի ազդեցությունը Ղարաբաղում բավական մեծ է: Բավական է հիշել, որ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը մի քանի տարի Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչն էր Ռուսաստանում: Կա նույնիսկ տեսակետ, որ Ղարաբաղի շփումները Մոսկվայի հետ իրականացվում են ոչ թե միջնորդավորված, Հայաստանով, այլ՝ ուղիղ: Թեեւ, բնականաբար, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի, Ղարաբաղն ուղղակի հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ:
Առայժմ հայտնի չէ, թե ով է առաջադրվելու ԼՂՀ նախագահի թեկնածու, սակայն, դատելով միտումներից, Ռուսաստանը կկորցնի տոտալ վերահսկողությունը նաեւ այստեղ:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment