Monday, November 7, 2011

Եպիսկոպոսական ձեռնադրություն`Մայր Աթոռում

Նոյեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում են ստացել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ վարդապետ Հակոբյանը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն. Մուշեղ վարդապետ Բաբայանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան վարդապետ Հակոբյանը:
Նոյեմբերի 5-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվել է ընծայացուների ուխտադրության կարգը, որի ընթացքում Հայր Սուրբերը երդմնագրեր են ստորագրել` Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը կատարելով:
Ձեռնադրությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պատգամն է հղել նորաօծ եպիսկոպոսներին եւ ներկա հավատավոր ժողովրդին: Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց այս իրադարձության առիթով` նշելով, որ Հայոց Եկեղեցին, որ Ցեղասպանության եւ խորհրդային եկեղեցամարտության տարիներին կորցրել էր բազում եկեղեցականներ, այսօր զորանում է եպիսկոպոսաց դասով, նոր սպասավորներով, ովքեր անձնվեր առաքելության են կոչվում` հանուն հայ ժողովրդի հոգեւոր մխիթարության:
«Տիրոջ կենարար Հարությունից ավելի քան երկու հազար տարիներ անց` ներկա ժամանակներում, բազում են խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլեւ հոգեւոր ասպարեզին: Այսօր, երբ Տիրոջ ողորմությամբ ստվարանում են մեր հոգեւորականաց շարքերը, հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացի համար մեծապես անհրաժեշտ են խոհեմ եւ բանիմաց, քաջեռանդ եւ կորովի եպիսկոպոսներ, ովքեր գլխավորելով Եկեղեցու գործունեության տարբեր ասպարեզները` նորանոր հաջողություններ պիտի բերեն հավատավոր մեր ժողովրդին եւ հավելեն փառքը առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու», - ասել է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Ձեռնադրության արարողությանը ներկա են եղելՎեհափառ Հայրապետի գահակալության 12-ամյակի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած Հայոց եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, աշխարհասփյուռ թեմերի առաջնորդներ եւ թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի միաբաններ, բարերար հայորդիներ, ձեռնադրյալների բարեկամներ եւ ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

No comments: