Wednesday, December 14, 2011

Ռուսաստանն ու Ադրբեջանն սկսում են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցությունները

News.am. 13-12-2011- Բաքվում այսօր` դեկտեմբերի 13-ին, սկսվում են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցերի վերջնական կարգավորման ռուս -ադրբեջանական բանակցությունները: Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունում:
Ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Բանակցությունները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցը: Այդ ժամանակ էլ որոշում էր կայացվել համաձայնագրի ժամկետը երկարաձգելու բանակցությունների անցկացման համար պատվիրակություն ուղարկել Բաքու:

Դրանից առաջ մամլո ասուլիսի ընթացքում Սերդյուկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նախատեսում է ամբողջությամբ մոդեռնիզացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը եւ փոքրացնել դրա համար վարձակալվող տարածքը:
Բաքուն կայանի տեղակայման մի շարք պայմաններ է առաջադրել. այն պահանջում է ավելացնել վարձակալության արժեքը եւ կայանում աշխատող ադրբեջանցիների քանակը, նաեւ` տեղի բնակիչներին հանձնել ավանի հիմնական ծառայությունների սպասարկումը` սնունդ, առեւտուր եւ այլն:
Սերդյուկովի խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է վարձակալման նախկին արժեքի պահպանման հարցում: Կայանը ամբողջությամբ կվերակառուցվի, նրա նոր տեսքի համար հաղորդուղիների մեծ ծավալ չի պահանջվի:
Դեկտեմբերի 12-ին «Ակադեմիկոս Ա.Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Սավչենկոն ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է Գաբալայի (Ադրբեջան) նորագույն ռադիոտեղորոշիչ «Վորոնեժ-ՎՊ» կայանի շինարարությունն ավարտել 2019 թվականին: Կայանը փոխարինելու կգա նախորդ սերնդի «Դարյալ» կայանին:

No comments: