News.am. 17-12-2011- ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ, ԼՀՂ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում ներկայացրել է իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում հաջողությամբ չպսակվեց: Այժմ նախատեսվում է նոր հանդիպում: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Կազանի հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր «մադրիդյան սկզբունքների» եւ դրանց տարրերի մասին փաստաթղթի ստորագրում, չի կարելի ձախողված համարել: Ընդհակառակը` եթե այնտեղ ընդունվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փաստաթղթի նախագիծը, ապա դա ապակայունացում կառաջացներ հակամարտող կողմերի հասարակություններում: Արցախի հասարակությունն այդ սկզբունքները համարում է անընդունելի եւ հայկական շահերին հակասող: Կազանյան հանդիպումից առաջ Արցախի ոչ կառավարական կազմակերպությունները հանդես եկան հայտարարություններով` նշելով, որ քաղաքացիական հասարակությունը մտադիր չէ ճանաչել կարգավորման առաջարկված սկզբունքների վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած որեւէ փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպմանը, ապա այդ շփումն օգտակար կլինի տարածաշրջանում առկա լարվածության նվազեցման համար: Սակայն հակամարտության կարգավորման համար կարեւոր ներքին եւ արտաքին պայմանների բացակայությամբ, այդ ձեւաչափով դժվար է առաջիկա հանդիպումից ակնկալել բեկումնային որոշումներ:
-Ռուսաստանի նախագահական ընտրությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:
-Առաջիկա ամիսներին բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կմղվի երկրորդ պլան: Դրա ձեւական բացատրությունը կլինի ընտրական փուլը. 2012-2013 թվականներին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում եւ հակամարտող երկրներում` ԼՂՀ-ում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս ցուցակին պետք է ավելացնել նաեւ հաջորդ տարվա մայիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ իրականում, պատճառն ընտրությունները չեն. կան մի շարք այլ գործոններ, օրինակ` կոշտ ներքին եւ արտաքին պարամետրեր ունեցող ստատուս-քվոն փոխելու ցանկության բացակայությունը, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի հնացած մոտեցումները, ճգնաժամը միջնորդ-կազմակերպությունում, աղճատված բանակցային ձեւաչափը:
-Ո՞ւմ է ձեռնտու ստատուս-քվոն:
-Ադրբեջանի իշխանությունները սկսել են հաճախ հանդես գալ ստատուս-քվոյի փոփոխության օգտին, ինչը նշանակում է զրկել ԼՂՀ-ին եւ արցախցիներին անվտանգ ապագայից: Պետք է նկատեմ, որ հետպատերազմական իրավիճակը չի խանգարում Ադրբեջանին ակտիվորեն զարգանալ:
«Ղարաբաղի նվաճման» ցնորական գաղափարի իրագործումը ադրբեջանական իշխանությունների քաղաքական հավակնությունների խնդիր է, այլ ոչ թե երկրի զարգացման կենսական կարեւորության գործոն: Հավանական տարածաշրջանային ապակայունացման աղբյուր է մնում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը, այլ ոչ թե ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակասությունների առկայությունը:
Իրականում, ստատուս-քվոյի պահպանումն ամենաքիչը շահավետ է Արցախի համար, քանի որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման բացակայությունը եւ մի շարք այլ գործոններ խոչընդոտում են մեր հանրապետության լիարժեք եւ անվտանգ զարգացմանը:
Իրավիճակը պետք է փոխել, սակայն դրական հունով, չվտանգելով հակամարտության գոտու փխրուն կայունությունը: Բանակցային սեղանին դրված առաջարկներն ու միջնորդների մոտեցումները համարժեք չեն իրական վիճակին: Առաջարկված ծրագրի ընդունման եւ իրագործման դեպքում իրադրությունը տարածաշրջանում կտրուկ կվատանա: Խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ունենալու համար ղարաբաղյան կարգավորման միջնորդները պետք է հաշվի առնեն նոր նախադեպերը միջազգային հարաբերություններում եւ նոր միջազգային իրավական իրողությունները:
-Այս փուլում հնարավոր եւ արդյունավետ համարո՞ւմ եք ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործացկությունը, շփումները Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանական բնակչության ներկայացուցիչների հետ:
-Երկխոսությունը հակամարտող կողմերի միջեւ անհրաժեշտ է, ինչպես ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ղեկավարության հարթությունում, այնպես էլ` ոչ կառավարական կազմակերպությունների հարթությունում: Երեք երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կարող են ներդրում ունենալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման գործում:
Վերջին շրջանում մենք քաղաքացիական երկխոսության քաղաքականացման ականատեսն ենք: Անհրաժեշտ է տարբերել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումների ձեւաչափը Բաքվի կողմից պարտադրվող «միջհամայնքային» ձեւաչափը, որը խեղաթյուրում է հակամարտության էությունը: ԼՂՀ անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումը բացառելու նպատակով ադրբեջանական կողմը ցանկանում է աշխարհին ներկայացնել Ղարաբաղի մի ժողովուրդ, որն իբր բաղկացած է երկու համայնքներից:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին քննարկումներում ադրբեջանական համայնքի հարցի ներառման քաղաքական լեյտմոտիվն ադրբեջանական փոքրամասնությանն այնպիսի կարգավիճակի տրամադրումն է, որը թույլ կտար պնդել, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է հիմնվի երկու համայնքների կոնսենսուսի վրա:
Նման «իրավաստեղծարարությունը» իրավաբանորեն անթույլատրելի է: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի եւ ադրբեջանցիների կոնսենսուսից: ԼՂՀ կարգավիճակը որոշվել է բնակչության մեծամասնությամբ:
Այս ամենից ելնելով, այս փուլում Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանական բնակչության ներկայացուցիչների հետ աշխատանքն ակտուալ չէ եւ հակաարդյունավետ է: Երկխոսությունը ԼՂՀ քաղաքացիների եւ Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների, իսկ այժմ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ կարող է ակտուալ դառնալ պաշտոնական Բաքվի կողմից ԼՂՀ դե յուրե ճանաչումից հետո եւ Արցախից ադրբեջանցի փախստականների կողմից ղարաբաղյան հասարակությանն ինտեգրվելու ու ԼՂՀ քաղաքացիություն ընդունելու ձգտման դեպքում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment