Saturday, December 17, 2011

Հայոց ցեղասպանության մասին հոդվածի պատճառով հերթական պրոֆեսորն է հայտնվել սկանդալի կենտրոնում

Tert.am.16-12-2011- Կալիֆոռնիայի համալսարանի (Դեյվիս, ԱՄՆ) պրոֆեսոր Դեյվիդ Վոթենփոն դարձել է ԱՄՆ–ում թուրքական լոբբիի հերթական զոհը։
Ինչպես գրում է ԱՄՆ–ոմ հրատարկվող Asbarez պարբերականը, դրա համար «պատճառ է դարձել» պրոֆեսորի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնելու՝ Ազգերի լիգայի ծրագիրը և ժամանակակից հումանիզմի ստեղծումը 1920–1927թթ.» վերտառությամբ հոդվածը։
Հոդվածը լույս էր տեսել համալսարանի ամսագրում։ Դրանում պրոֆեսորն անդրադարձ էր կատարել Հայոց ցեղասպանության ընթացքում արևմտյան պետությունների ձեռնարկած փրկության ջանքերին, արևմտյան երկրների կողմից այդ իրադարձությունների ընկալմանը և այն հարցին, թե ինչ «փոփոխությունների ենթարկվեցին» մարդասիրական այդ ջանքերը։
Հոդվածի հրապարակումից հետո խմբագրություն էր դիմել «Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողով» կազմակերպության նախկին նախագահ, փաստաբան Գյունայ Էվինչը։
Փաստաբանն իր նամակում գրել էր, թե արևմտյան մարդասիրական օգնությունն ուղղված է եղել միայն Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչությանը և որ ավելի ճիշտ կլիներ հոդվածը վերնագրել «Հումանիզմ՝ միայն քրիստոնյաների համար»։
Նա գրել էր, թե իբր աշխարհը երես էր թեքել Օսմանյան կայսրությունում ապրող մուսուլմաններից և հրեաներից, որոնք ևս այդ տարիներին զոհվել են ու կրել են նույն այն զրկանքները, որոնք հայերն են կրել։ Էվինչը նշել էր նաև, թե հայերի նկատմամբ տեղի ունեցածը սխալ է ցեղասպանություն որակելը։
Խոսքը եզրափակելով՝ փաստաբանը նշել էր, թե իբր Արևմուտքը լուռ է մնացել հրեաների և մուսուլմանների տառապանքներին և որ հումանիզմը, գլոբալ առումով, «չի էլ ստեղծվել»։
Վոթենփոն ստիպված էր եղել պատասխանել Էվինչի նամակին՝գրելով, որ, ճիշտ է, շատ էթնիկ խմբեր են տառապել Օսմանյան կայսրության փլուզման տարիներին, սակայն միայն հայերն են ենթարկվել պետության կողմից հովանավորվող զանգվածային բնաջնջման փորձերի։

Պրոֆեսորը հավելել էր, որ միջազգային մարդասիրական օգնությունն ուղղված է եղել հայերին, քանի որ «հենց նրանք են ցեղասպանության հետ բախվել ու զրկանքների ենթարկվել, ապրել են փախստականների ճամբարներում, և Թուրքիայի Հանրապետությունը հենց նրանց է արգելել տուն վերդառնալ։ Նրանք առանց քաղաքացիության էին մնացել, առանց իրավական կարգավիճակի և գոյատևման համար ամբողջովին կախյալ վիճակում էին գտնվում միջազգային մարդասիրական օգնութունից»։
«Իսկ Բալկաններից և Ռուսաստանից եկած թուրք և մուսուլման փախստականները քաղաքացիություն, ապաստան էին ստանում, տեր դառնում սպանված հայերի ունեցվածքին»,–գրել էր պրոֆեսորը՝ ընգծելով, որ Օսմանյան կայսրության հրեաները «չեն ենթարկվել պետության կողմից հետապնդումների, կամ արտաքսման»։
Վոթենփոն, պատասխան նամակը եզրափակելով, գրել էր, թե պետք է հաշվի առնել այն, որ «Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողով»–ն էապես աջակցել է ԱՄՆ–ում Թուրքիայի կառավարության կողմից հովանավորվող այն ջանքերին, թե այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, ցեղասպանություն չէ։

Այդ ամենից հետո ամսագրի գլխավոր խմբագրին և համալսարանի Կրոնների ուսումնասիրման ֆակուլտետի (Վոթենփոն հենց այդ ֆակուլտետի պրոֆեսոր է) դեկանին է դիմել «Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողով»–ի նախագահ Էրգուն Կիրլիկովալին և Վոթենփոին մեղադրել «զրպարտիչ» խոսքերի համար։
Իր նամակում կազմակերպության նախագահը Վոթենփոին մեղադրել էր կազմակերպությանը զրպարտելու մեջ, նշելով, որ այն հայտարարությունները, թե «վեհաժողովն օտարերկրյա գործակալ է ԱՄՆ–ում և վերահսկվում է Թուրքիայի կողմից» անհիմն են։

Նա համալսարանի ղեկավարությունից պահանջել էր, որպեսզի պրոֆեսորը ներողություն խնդրի։

Համալսարանի ղեկավարությունը, սակայն, հայտարարել էր, թե տվյալ դեպքում պաշպանելու է իր պրոֆեսորին։ Վոթերփոն էլ հայտարարել էր, թե իր խոսքերը «զրպարտություն» չեն, քանի որ ինքը չի ասել, թե վեհաժողովը «գործակալ» է, ընդամենն ասել է, որ այն մի կազմակերպություն է, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը՝ հանդես գալով ԱՄՆ–ում Թուրքիայի կառավարության նույն քարոզչության պաշտպանությամբ։
Այնուհետև Կիրլիկովալիին նամակ է գրել Հյուսիսային Ամերիկայի՝ Մերձավոր Արևելքի ուսումնասիրման ասոցիացիայի նախագահը (ասոցիացիայի և Ակադեմիական գործունեության ազատություն հանձնաժողովի անունից)։ Նամակում նախագահն իր մտահոգությունն է հայտնել Կիրլիկովալիի նամակի առնչությամբ։ «Մեզ անհանգստացնում է այն, որ նման հայտարարությունները կարող են վտանգել պրոֆեսոր Վոթենփոյի հեղինակությունը՝ որպես գիտնականի ու ուսուցչի»,–նշված էր նամակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման մի դեպք տեղի էր ունեցել մեկ այլ պրոֆեսորի՝ Մասաչուսեթս համալսարանի պրոֆեսոր Գյունթեր Լևինի հետ։ Այն բանից հետո, երբ նա հրատարակել էր «Հայկական կոտորածներն Օսմանյան Թուրքիայում. խնդրահարույց Ցեղասպանություն» խորագրով աշխատությունը, ամերիկյան Southern Poverty Law Center (SPLC) իրավաբանական գրասենյակը պրոֆեսորին մեղադրել էր Անկարայից ֆինանսավորում ստանալու համար և նրան «թուրքական գործակալ» էր անվանել: Հետագայում, սակայն, ընկերությունը ստիպված էր եղել ներողություն խնդրել։

No comments: