
«Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի իշխանություններին ուղղված այդ կոչ-հորդորը պետք է նախ խրախուսել, քանի որ նման հեղինակավոր իշխանությունների կողմից այդ խնդրի վերհանումը զգալի կօգնի, որ Թուրքիան հավելյալ ուշադրություն դարձնի հայոց մշակութային ժառանգությանը: Այն ջանքերը, որ թուրքական կառավարությունն արել է, պետք է բազմապատկել, որովհետեւ մշակութային ժառանգությունը ունի իր կարեւոր նշանակությունը հայ ժողովրդի համար»,- նշեց թուրքագետը եւ հավելեց, որ այս բանաձեւը նաեւ «հորդոր էր, որ քրիստոնյաների նկատմամբ լինեն ավելի կառուցողական, եւ այն, ինչ զավթված է, վերադարձվեն իրական տերերին»:
Հարցին, հնարավո՞ր է որոշակի հակազդեցություն թուրքական կառավարության կողմից կամ նեղացածության դրսեւորումներ, թուրքագետը նշեց, որ կամ Էրդողանը, կամ կառավարության անդամներից որեւէ մեկը «ա լյա էրդողան» ոճով կարձագանքեն` խնդրելով ամերիկյան կառավարությանը չմիջամտել իրենց ներքին գործերին: «Գուցե լինի նախնական նման արձագանք, բայց սա լավ դաս է, որ Էրդողանը կարող է «Տարվա մարդ» ճանաչվել Time ամսագրի վարկածով, բայց դա չի նշանակում, որ նա «Տարվա մարդ» է նաեւ ազգային փոքրամասնությունների համար»,- նշել է Տեր-Մաթեւոսյանը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 13-ին, ընդունել է կրոնական ազատության մասին բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել եկեղեցիների ունեցվածքը: Թիվ 306 բանաձեւը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը: Այն Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկվել է մեծամասնության առաջնորդ Էրիք Քանթորի կողմից` Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեան Ռոս-Լեյտինենի օժանդակությամբ:
No comments:
Post a Comment