Thursday, December 15, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՆ ԽՆԴԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԸ ՉԵՆ, ԱՅԼՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼԸ

«ԱԶԳ», 15-12-2011- Ինչպես նշել էինք նախորդ համարում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում» խոսքերը չափազանց բուռն, նույնքան էլ հիվանդագին հակազդեցություն էին առաջացրել Թուրքիայում: Այս խոսքերին սանձարձակ արտահայտություններով նախ արձագանքել էր Եվրոմիության գծով նախարար եւ գլխավոր բանակցող Բաղըշը, ապա Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Երեկ առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը լրատվության ծրագիրը բացեց հենց ՀՀ նախագահի խոսքերի արձագանքներով, հիշեցրեց Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի Ֆրանսիայի ազգային ժողովում դեկտեմբերի 22-ին նախատեսվող քվեարկության մասին, ընդգծեց, որ այս հարցերը վերստին հայտնվել են Թուրքիայի օրակարգում:
Ապա նույն հեռուստատեսությունն անդրադարձավ ՀՀ նախագահի խոսքերին, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիի հակազդեցությանը, որի առանձնահատկությունը թերեւս լկտիությունն է:
Բահչելին հեռուստաէկրանից ասաց. «Թուրք ազգի ծոցից դուրս եկած ոչ մի քաղաքական գործիչ ոչ միայն չի կարող համակերպվել Երեւանում այդպես ստորանալու, խայտառակվելու մտքի հետ, այլեւ չի կարող մտածել այդ մասին: Եթե Հայաստան պետությունը գոնե մի քիչ պատիվ ունի ու արժանապատվություն, ցեղասպանության կեղծիքներով հանդես գալուց առաջ ներողություն կխնդրի Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրականացրած արյունահեղ գործողությունների, ժամանակին մեր հայրենիքում կատարված բռնությունների, Խոջալուում անմեղ մարդկանց անխնա սպանելու համար, կհրաժարվի մեր երկրի նկատմամբ հողային հավակնություններից եւ ափսոսանք կհայտնի»:
Բահչելիի ամբարտավանությունը մեկնաբանության կարիք չունի: Սակայն ՀՀ նախագահն այդ խոսքերը արտասանել էր Մարսելի քաղաքապետարանում, ասելով. «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին: Այդպիսի երկրներ էին, օրինակՙ Լեհաստանն ու Գերմանիան, որի կանցլեր Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում: Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում»:
Հայտարարության մեջ ՀՀ նախագահը խոսում է ոչ թե ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ ծնկի իջնելու, այլ գլուխ խոնարհելու մասին: Նրա խոսքերին արձագանքող թուրք գործիչները նրան հատուկ «ծնկի իջնելու» տարբերակն են վերագրում, որ թուրք ազգի այսպես կոչված արժանապատվությունը վիրավորելու պատճառաբանությամբ վիրավորվածի կերպարանք ընդունելովՙ արդարացնեն իրենց ամբարտավանությունը:
Խնդիրը սակայն վիրավորվածի կերպարանքը չէ, այլ ՀՀ նախագահի Թուրքիայում «եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն» տեսնելու ցանկությունը: Եթե դա համադրենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «Թուրքիան տեղ չունի Եվրոմիության կազմում» հայտարարության հետ, ապա պարզ կդառնա, թե ՀՀ նախագահի խոսքերը ինչու են զայրացնում թուրք գործիչներին:
Ի դեպ, նախագահ Սարգսյանն այդ խոսքերն արտասանել էր դեկտեմբերի 8-ին, իսկ թուրքերը 5 օր սպասել էին, որ արձագանքեին դրան: Ինչո՞ւ, որովհետեւ այդ օրերին հայտնի դարձավ, որ ցեղասպանության համար պատիժ սահմանող օրինագիծը քվեարկության է դրվելու Ֆրանսիայի ազգային ժողովում, նախագահ Սարկոզին ի լուր աշխարհի կասկածի տակ դրեց Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, դեռ ավելինՙ երեկ ԱՄՆ Կնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թուրքիային «երկրում քրիստոնյա ժողովուրդների իրավունքները լիարժեք հարգելու» պահանջ ներկայացնող թիվ 306 բանաձեւը:
Մինչդեռ Թուրքիան պարտաճանաչ աշակերտի ուշիմությամբ նախ Լիբիայում, ապա Սիրիայում կատարում էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի հանձնարարությունները, ընդ որումՙ սրելու գնով հարաբերությունները նաեւ Սիրիայի ռազմավարական դաշնակից Իրանի հետ, որ մեկուսանա տարածաշրջանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի սկզբներին Անկարայում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի ղեկավարներին հորդորել էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում քայլեր կատարել, ակնհայտ կդառնա ՀՀ նախագահի խոսքերը աղավաղելու միջոցով այդ քայլերից հրաժարվելու համար որպես պատրվակ օգտագործելու թուրքական նկրտումը:
Թուրք գործիչների արձագանքները մեկ անգամ եւս փաստում են, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու խնդիր չունի: Նրա խնդիրը բոլոր միջոցներով բարելավման համար թուրքական կողմի վրա գործադրվող միջազգային ճնշումներից ձերբազատվելն է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: