«Լրագիր» 15-12-2011- Համերգային ծրագրով Մոսկվայում գտնվող աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն ասել էր. «Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, երկիրը զրկում են երիտասարդությունից, որը հեռանում է»: Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանից հետաքրքրվեցինք` ինչպես է մոտենում Շառլ Ազնավուրի արտահայտած մտքերին, համաձա՞յն է արդյոք: Նրա խոսքով, իրեն Շառլը որպես անձ, որպես արտիստ, որպես պոետ ամբողջ կյանքում հիացրել է, բայց սա այն եզակի դեպքն է, որ հետ ճարտարապետը համաձայն չէ. «Եթե մեզ մոտ նեգատիվ երևույթներ լինում են (իսկ դրանք կան, ես չեմ ժխտում), դա մենք ենք անում, ոչ թե իշխանությունը, ես միայն դա կարող եմ ասել», ասել է Լևոն Իգիթյանը` հավելելով, որ ոչ մի իշխանավոր չի ուզի, որ իր ղեկավարության օրոք նեգատիվ երևույթները շարունակվեն և շատանան, քանի որ ոչ ոք չի ուզում վատ հետք թողնել. «Դա մենք բոլորս ենք անում, ես չեմ կարծում, որ այն, ինչ մեր կյանքում տեղի է ունենում, մենք որպես ժողովուրդ կապ չունենք դրա հետ, այդ կապը մենք ենք ստեղծում, մենք դիմացինին չենք սիրում, արժեքները տապալում ենք, ի՞նչ կապ ունի կառավարությունը: Ես համարում եմ, որ սա ամեն քաղաքացու, հայ մարդու գործն է, ես սա չեմ կապում իշխանության հետ»:
Լևոն Իգիթյանից հետաքրքրվեցինք` արդյոք իշխանությունը և կառավարությունն այսքան ժամանակ իսկապես ապացուցե՞լ են, որ այնպես են անում, որ երկրում արտագաղթը կանխվի և կամ երիտասարդներն էլ չգնան Հայաստանից. «Ես նորից եմ ասում, մենք բոլորս ամեն ինչ անում ենք, որ լավ լինի, իշխանությունը խանգարո՞ւմ է: Ես ուզում եմ հասկանալ` վարսավիրին ո՞վ է խանգարում իր գործը լավ անել, ուսուցչին ո՞վ է խանգարում, որ իր գործը լավ անի, արվեստաբաններն ինչո՞ւ են սուտ խոսում, իշխանությո՞ւնն է ասում սուտ խոսեք», ասել է Լեւոն Իգիթյանը:
Նրա խոսքով, եթե ամեն մեկն իր գործը պարտաճանաչ, սիրով կատարի և ավելի քիչ խոսի հայրենասիրության մասին, այլ դա առօրյա գործունեության արդյունք լինի, շատ բան կփոխվի: «Ես սա բոլորովին չեմ կապում իշխանության հետ, ոնց որ բոլորս սուրբ ենք, ստերիլ ենք, մնացել է իշխանությունը», նշել է ճարտարապետը:
Հարցին` հիասթափություն եղա՞վ Շառլ Ազանվուրի հայտարարությունից հետո, Լևոն Իգիթյանը պատասխանեց, որ բացարձակապես չեղավ, քանի որ այն, ինչ անում է Շառլն ամբողջ կյանքում, մեր հպարտության նյութն է, նա չի եկել այս աշխարհ խոսելու կամ հարցազրույց տալու համար, նա եկել է ուղղակի իր գործն անի և անում է փայլուն, և լավ կլինի բոլորս նրա գործունեությունից օրինակ վերցնենք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment