Thursday, May 17, 2012

Թուրք պատգամավոր. Օլանդն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի Ղարաբաղի հարցին

Panorama.am. 16-5-2012-Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անկարայի պատգամավոր Բյուլենթ Գեդիքլին «Salamnews»-ի թղթակցին ասել է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Անհրաժեշտ համարելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելացնի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար գործադրվող ջանքերը` Գեդիքլին նշել է. «Որքան արագ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը, այնքան կարճ ժամանակում Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղություն: Ժամանակը ցույց տվեց, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հակամարտության արդարացի լուծմանը հարկ եղած կարևորությունը չտվեց: Հավատում եմ, որ նոր նախագահ Օլանդն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի այդ հիմանխնդրի լուծմանը»: Թուրք պատգամավորը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Ըստ նրա` հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Ադրբեջանի հետ կապված իրադարձությունները միշտ էլ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) օրակարգում են լինում ու այդպես էլ կշարունակվի»,- վստահեցրել է Բյուլենթ Գեդիքլին:

No comments: