News.am. 27-12-2011- Ֆրանսիացի նախկին նախարար եւ «Միություն հանուն ժողովրդական շարժման» նախագահական կուսակցության անդամ, պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը դեկտեմբերի 27-ին ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան «սպառնում է բոլորին» եւ նշել, որ այն «այն մարդու իրավունքների երկիր չէ»` մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով Թուրքիայի արձագանքը, գրում է Le Figaro-ն` վկայակոչելով France-Presse գործակալությանը:«Թուրքիան բոլորին սպառնացող երկիր է»,- ասել է հայկական ծագմամբ պատգամավորը France Inter ռադիոկայանի եթերում` հիշատակելով Իսրայելին, Կիպրոսին, Հունաստանին: «Ես հաշվել եմ, որ Թուրքիան մեկ տարուց էլ պակաս ժամկետում սպառնացել է ավելի քան 7 երկրների. կարծում եք դա միջազգային հարաբերությունների ճի՞շտ տարբերակ է»,- նշել է նա:
«Ես մեծապես հավատում եմ թուրք քաղաքացիական հասարակությանը: Ցավոք, Թուրքիան Նոբելյան մրցանակի փայլուն դափնեկիր Օրհան Փամուկ ունի, բայց հետապնդում է նրան, քանի որ վերջինս ասում է, որ Հայոց ցեղասպանությունն ակնհայտ փաստ է,- հավելել է պատգամավորը: - Մեր երկրում մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան դադարեցնի ժխտման քարոզչությունը»,-ասել է նա` դատապարտելով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագծի ընդունմամբ պայմանավորված Թուրքիայի բողոքի ակցիաները:
«Դա քաղաքական ակտ է. Թուրքիան ցանկանում է մտնել ԵՄ եւ մարդու իրավունքները պաշտպանող երկրի դերում հանդես գալ, սակայն այդ օրենքը թույլ է տալիս միջազգային թատերաբեմում բացահայտել Թուրքիայի դիրքորոշումը եւ ցույց է տալիս, որ Թուրքիան մարդու իրավունքների երկիր չէ»,- ասել է Պատրիկ Դեւեջյանը` ի պաշտպանություն Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment