Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսի գրասենյակ. ընդունարանում սպասում են ՀՀԿ, ՕԵԿ, եւ Ժառանգություն կուսակցությունների ղեկավարները, եւ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից, որպեսզի ներս մտնեն եւ ստանան ԵԺԿ-ին «Արթուր, Նաիրա, մենք իրար հետ կմտնենք, թող նա հետո մտնի», ասում է Սերժ Սարգսյանը, ծուռ-ծուռ նայելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը: «Հատվածականությունը լավ բան չէ, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Քեզ որ մնա` ուտելիքն էլ լավ բան չի», չի դիմանում Արթուր Բաղդասարյանը:
«Արթուր, իզուր մի ներվայնացի, հեսա մտնելու ենք Մարտենսի մոտ, որ տեսնի դեմքդ կարմիր ա, կմտածի խմած ես», ասում է Սերժ Սարգսյանը:
«Է թող մտածի, շեֆ ջան, լավ եմ արել խմել եմ, իմ կոնյակը չի, կուզեմ կխմեմ, կուզեմ չեմ խմի», ասում է Արթուր Բաղդասարյանը:
«Հա, Արթուր ջան, բան չի կարա ասի, բայց կմտածի, որ կոնյակդ խմելու բան չի, դրա համար էլ կարմրել ես: Ախր լավ խմիչքը մարդուն չպիտի կարմրացնի, Արթուր ջան: Իսկ որ Մարտենսը էդպես մտածի, կոնյակդ Եվրոպայում ո՞նց ա վաճառվելու: Ախր ես քեզ գործարանն եմ տալիս, բայց հո ապրանքդ ծախելու մասին էլ չեմ մտածելու, տղա ջան», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն Մարտենսը ձեզ է սպասում», այդ պահին ասում է քարտուղարուհին:
Սերժ Սարգսյանը մոտենում է քարտուղարուհուն եւ փորձելով մի կոնֆետ դնել նրա ափի մեջ, կամաց փսփսում է ականջին. «Խնդրում եմ, այն պարոնին մի անհանգստացրեք, նա ծոմի մեջ է, թող ծոմը հանգիստ վերջացնի, նոր նրան կասեք, որ պարոն Մարտենսը սպասում է»:
«Մեծարգո պարոն նախագահ, իմն Ազատության ծոմ էր, ոչ թե լսողության: Ազատության ծոմս էլ վաղուց եմ ավարտել, այնպես որ իզուր ջանքեր մի թափեք՝ մենք եկել ենք միասին, եւ կմտնենք միասին», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանը կոնֆետը հետ է քաշում քարտուղարուհու ափից:
Բոլորը ձեռքները առաջ պարզած մտնում են Մարտենսի աշխատասենյակ:
ԵԺԿ նախագահը ընդառաջ է գալիս բոլորին եւ մեկ առ մեկ սեղմում բոլորի ձեռքը, բացի Նաիրա Զոհրաբյանից:
«Ասում էի չէ, որ սրան էլ էր պետք Դուբայ ծնունդի կանչել», մտածում է Նաիրա Զոհրաբյանը:
Մյուս երեքը զարմացած են, թե ինչու Մարտենսը չսեղմեց Նաիրա Զոհրաբյանի ձեռքը: Ինչ որ տեղ նույնիսկ սկսում են անհարմար զգալ, որ իրենց ձեռքը սեղմել է: Արթուր Բաղդասարյանը մի թեթեւ կարմրում է նորից: Սերժ Սարգսյանը նկատում է դա: Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ոչ մի կարմրություն չի նկատվում, ընդհանուր մուգ ֆոն է՝ սեւին մոտ:
«Թունավորվել է երեւի», մտածում է Սերժ Սարգսյանն ու նույնիսկ մի փոքր կարեկցում Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այդ պահին Մարտենսը առանց որեւէ բառ ասելու դեպի իրեն է քաշում Սերժ Սարգսյանին: Մինչ Սարգսյանը կհասկանար, թե ինչ է կատարվում, Մարտենսը նրա կրծքին է փակցնում ԵԺԿ կրծքանշանը: Արթուր Բաղդասարյանը մի փոքր նախանձում է, սրտատրոփ սպասելով, թե Մարտենսը իրեն երբ է մոտ քաշելու եւ կրծքանշանը փակցնելու: Բաղդասարյանը նույնիսկ ինքն է մի փոքր մոտենում դեպի Մարտենսը:
Նաիրա Զոհրաբյանը լուռ հետեւում է այդ ամենին, մտածելով, որ իր փոխարեն երեւի թե Գագիկ Ծառուկյանը պետք է գար, եթե ուզում էին, որ Մարտենսը ԲՀԿ-ին էլ փակցներ:
«Ախր ասում էի Գագիկ Նիկոլայիչին, որ ԵԺԿ-ին անդամակցելը զուտ տղամարդկային գործ է, կնոջն այստեղ այդքան էլ չեն վստահի», մտածում է Զոհրաբյանը: Մարտենսը մինչ այդ Արթուր Բաղդասարյանին փակցնելուց հետո հասնում է Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Զգույշ, պարոն Մարտենս, նա թույնով է լեցուն, սրտացավություն չկա, ինչ էլ փակցնեք, միեւնույն է չի զգալու, փոխարենը դուք կարող եք թունավորվել», ասում է Սերժ Սարգսյանը:
Բայց Մարտենսը հայերեն չի հասկանում, իսկ իրենք էլ եկել են առանց թարգմանիչի: Սերժ Սարգսյանը մտածում է մոտենալ եւ ձեռքով կանգնեցնել Մարտենսին: Արթուր Բաղդասարյանը կրկին նախանձում է: Նաիրա Զոհրաբյանն էլ մտածում է, որ եթե հասցնի ժամանակին մտնել Մարտենսի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի արանքը, ապա Մարտենսը իրեն կփակցնի ԵԺԿ կրծքանշանը, եւ Ժառանգության փոխարեն ԲՀԿ-ն կդառնա ԵԺԿ անդամ:
Բայց Զոհրաբյանը չի հասցնում, որովհետեւ Մարտենսը շատ արագ է փակցնում կրծքանշանները: «Այ տղա ջան, էս ինչի ես էսքան նիհարել, մարդ վախենում է կրծքանշանը փակցնի նույնիսկ», ասում է նա Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հովհաննիսյանը ոչինչ չի ասում, ձեռքը դնում է կրծքին, ծնկի իջնում եւ եռագույն դրոշ փնտրում արցունքները սրբելու համար:
Մարտենսը կարծում է, թե Րաֆֆու նիհար մարմինը չդիմացավ կրծքանշանի ծանրությանը: «Ներողություն, գուցե ալյումինից կրծքանշան պատվիրենք ձեզ համար, մի երկու օրից կպատրաստեն, թեթեւ կլինի», տագնապած ասում է Մարտենսը:
Հովհաննիսյանը դարձյալ լռում է եւ գլխով միայն մերժում Մարտենսին. «Հայրենիքիս հոգսն է ծանր, մեզ ալյումինե շերեփ պետք չէ, մեր թղթե շերեփը միայն երկաթով պետք է փոխենք», եռագույն դրոշ չգտնելով եւ ոտքի կանգնելով ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մի պահ լռություն է տիրում: Խղճի հետ հաշտությունը վերագտնելուց հետո Մարտենսը ի զարմանս բոլորի, վերջում մոտենում է Նաիրա Զոհրաբյանին:
«Նրանց բան մի փակցրեք, Մարտենս Մարտենսովիչ, նրանք ոչ եվրոպական են եւ ոչ էլ ժողովրդական, նրանք կոնգրեսական են արդեն», տեղից գոչում է Սերժ Սարգսյանը:
Բայց Մարտենսը հայերեն կրկին չի հասկանում եւ մոտենում է Նաիրա Զոհրաբյանին: Արթուր Բաղդասարյանը նորից նախանձում է:
«Շատ ներողութուն եմ խնդրում ձեզանից, բայց կրծքանշանները վերջացան, այդ իսկ պատճառով ստիպված եմ զրկել ինձ դրանցից մեկն էլ ձեզ փակցնելու հաճույքից եւ պատվից», խոնարհվելով Զոհրաբյանի առաջ ասում է Մարտենսը:
Բոլորը նորից զարմացած են: Մի քիչ էլ հիասթափված:
Սերժ Սարգսյանը նույնիսկ մտածում է, որ Րաֆֆին ամեն դեպքում հասցրեց թունավորել նաեւ Մարտենսին, թե չէ ինչու նա պետք է խոնարհվեր ԲՀԿ-ականի առաջ:
«Ինչ բարի եւ ուշադիր մարդ է, իզուր նրան չհրավիրեցինք Դուբայ ծնունդի», մտածում է Նաիրա Զոհրաբյանն ու հարգալից ժպտում, մտածելով նաեւ, որ հաջորդ տարի կարելի է ծնունդը Եվրոպայում անել եւ հրավիրել նաեւ Մարտենսին:
Արարողությունն ավարտվում է եւ բոլորը միասին դուրս են գալիս Մարտենսի աշխատասենյակից: Բացի Նաիրա Զոհրաբյանից, բոլորը հրաժեշտ են տալիս քարտուղարուհուն: Զոհրաբյանը պարզապես նրան չի նկատում, քանի որ ժպտադեմի առաջ դեռ շարունակում է երեւալ խոնարհված Մարտենսի ծոծրակը:
«Նաիրա, ինչ ես շարունակ ժպտում, բա չես մտածում ինչ պետք ա ասես շեֆիդ, որ առանց կրծքանշան ես հետ գնում», խորամանկ ժպիտով նայելով Սերժ Սարգսյանի կողմը, ասում է Արթուր Բաղդասարյանը:
«Շեֆս Դուբայից լիքը կրծքանշան ա բերել», ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Իյա, էդ ծնունդին նվեր ա ստացե՞լ », դեմքին կիսաժպիտ տալով ասում է Սերժ Սարգսյանը:
«Ոչ, պարոն նախագահ, շեֆս նվեր չի ստանում, նա ինքն է նվերներ բաժանում բոլորին», հպարտությամբ ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Բա ծնունդին Դուբայում ինչ նվեր ա տվել հյուրերին», փորձում է կատակել Սերժ Սարգսյանը:
«Կրծքանշաններ», ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Բա որ էդքան շատ ունի, քեզ ինչի էր էստեղ ուղարկել», հարցնում է Արթուր Բաղդասարյանը:
«Դե չգիտեմ, տեսավ Րաֆֆին էլ ա գալիս, ասեց ուրեմն ստեղ մի բան կա, Րաֆֆին խելոք մարդ ա, հենց նենց չէր գնա, դու էլ գնա հետները», ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Իյա, ուրեմն Րաֆֆին ուր գնա, հետեւից պետք ա գնա՞ք», ասում է Սերժ Սարգսյանը:
«Չէ, ինչի եք էդպես ասում, օրինակ հացադուլի մենք նրա հետեւից չգնացինք», ասում է Նաիրա Զոհրաբյանը:
«Չեմ հասկանում, հարգարժան գործընկերներ, նույնիսկ ես եմ մոռացել իմ հացադուլի մասին, ինչու եք դուք անընդհատ հիշում: Ինչ եք ուզում իմ հացադուլից, բան էր, եղավ, անցավ, պրծավ-գնաց», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը մի քիչ բարկացած:
«Որ ասում եմ մեջդ սրտացավություն չկա: Նույնիսկ քո հանդեպ սրտացավություն չկա: Ոնց կարող էիր դու մոռանալ հացադուլիդ մասին: Նենց սովորական բան ա հա՞ քո համար հացադուլը, երեկվա կերած ճաշդ ա հա՞, որ մոռանում ես տենց շուտ», ասում է Սերժ Սարգսյանը:
«Շեֆ ջան, գործ չունես, ախր հիմա մենք ոնց որ ասած կուսակիցներ ենք է, հիմա մենք նույն կուսակցության մեջ ենք, մի գոռա վրեն, թե չէ նամակ կգրի Մարտենսին, վրեքներս իզուր խոսկացություն պետք ա բերի», ասում է Արթուր Բաղդասարյանը:
Սերժ Սարգսյանը մի քիչ խաղաղվում է: Նկատում են, որ Նաիրա Զոհրաբյանը չկա: Կասկածում են, որ կարող է հետ է գնացել Մարտենսի մոտ: Որոշում են վերադառնալ եւ ստուգել: Քարտուղարուհին հայտնում է, որ Մարտենսը քնած է: Չեն հավատում: Քարտուղարուհին մտնում է, հեռախոսով նկարում որ քնած է, եւ դուրս գալով ցույց է տալիս նկարածը: Կրկին չեն հավատում: Կասկածում են, որ Մարտենսը սուտ-քուն է դրել: Քարտուղարուհին մի հատ էլ մտնում է, որ նկարի:
«Չէ, քոնով չէ, առ իմ հեռախոսով նկարի», ասում է Սերժ Սարգսյանը:
Քարտուղարուհին մտնում դուրս է գալիս՝ նայում են լուսանկարին, Մարտենսը կրկին քնած է: «Ապա մի հատ վերցրեք եւ իմ հեռախոսով մտեք նկարելու», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իյա, կարող ա գիտեք փողը նաղդ եք տվել», զայրանում է քարտուղարուհին եւ մտնելով Մարտենսի աշխատասենյակ ու արթնացնում է նրան՝ «մի հատ եկեք տեսեք ինչ են ուզում»:
«Տղաներ, ձեր դեմքը ինչ ծանոթ է, որտե՞ղ եմ ես ձեզ տեսել, իյա, էս մեր կրծքանշաննե՞րը ձեզ որտեղից, էս չինացիներն արդեն լրիվ համը հանեցին, մնաց մեզ կեղծեն», աչքերը տրորելով նրանց է ընդառաջ գալիս Մարտենսը:
Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment