Tuesday, January 10, 2012

Ամերիկյան հազարավոր զինվորներ Իսրայելում Իրանի դեմ պատերազմի՞ են նախապատրաստվում

Tert.am. 10-1-2012- Al Arabiya հեռուտաընկերությունն անդրադարձել է մերձավորարևելյան նոր ահագնացող ճգնաժամին` Իրանի շուրջ լարվածությանը, որը սկսվել էր Հորմուզի նեղուցը փակելու` Թեհրանի սպառնալիքից: Դրան ի պատասխան Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատրությունը հայտարարել էր, որ կանխվելու է նեղուցի փակման ցանկացած փորձ: Անվտանգության քաղաքականության իսրայելական debka.com կայքի տեղեկություններով, Իսրայել է ժամանել արդեն 9հզ ամերիկացի զինվորական, իսկ դեկտեմբերի 20-ին Jerusalem Post պարբերականը փոխանցել էր Գերմանիայում տեղակայված ամերիկյան երրորդ օդային բանակի հրամանատար Ֆրենկ Գորնեչի խոսքերը, որի համաձայն Իսրայել պետք է ուղարկվեին մի քանի հազար զինվորականներ: Նույն տեղեկության համաձայն, Իսրայելում ամերիկյան զորքերի հրամանատարական կետ է ստեղծվելու, իսկ ամերիկյան նշված բանակի գերմանական շտաբ-բնակարանում` իսրայելական բանակի հրամանատարական կետ: Եգիպտացի ռազմական փորձագետ Ջամալ Մաթլումը գտնում է, որ զորքի տեղափոխումը պատերազմի սկիզբ չի նշանակում, այլ միայն այն, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստ են տարածաշրջանային հնարավոր պատերազմի: Միացյալ արաբական Էմիրությունների` Պարսից ծոցի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Աբդուլազիզ Սագերի կարծիքով, ամերիկյան զորքրի ժամանումը ակնհայտ ազդանշան է Թեհրանին: Իսկ ահա լիբանանցի վերլուծաբան Էլիա Հեննան գտնում է, որ Իսրայել ամերիկյան ստորաբաժանումների տեղափոխումը կապված է Իրաքից ամերիկացիների հեռանալու և հետևաբար տարածաշրջանում իրենք ներկայությունը պահպանելու անհրաժեշտության հետ: Բացի այդ, ամերիկյան և իսրայելական զինված ուժերը ավելի համատեղելի են քան ամերիկյան և արաբական երկրների բանակները և Իսրայելում ամերիկացիները գործողությունների ավելի շատ ազատություն ունեն:

No comments: