Tuesday, January 10, 2012

Իրան. Պատերազմ, թե բլեֆ

«Լրագիր» 10-1-2012- Ծննդյան տոներից հետո քաղաքական կյանքը վերադառնում է առճակատման, բլեֆի, լատենտային բանակցությունների սովորական հունին: Հատկանշական է, որ այդ կյանքն աստիճանաբար կենտրոնանում է Հայաստանի անմիջական հարեւանությամբ գտնվող տարածաշրջանում: Նախեւառաջ պետք է նշել Իրանի շուրջ լարվածության աճը, որը կարող է լիովին անսպասելի ավարտվել: Դա է համարվում ներկայիս իրավիճակի յուրահատկությունը՝ բոլորը խոսում են, որ աշխարհը պատերազմի եզրին է կանգնած, ընդ որում, այդ նույն մարդիկ պնդում են, որ պատերազմն անհնար է, որովհետեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ստացվում է, որ լարվածության աճը հանգեցնում է ոչ թե պատերազմի, այլ Իրանի ղեկավարությանը ստիպում է որոշակի քայլերի գնալ: Ընդ որում, այդ ղեկավարությունը միանշանակ չէ, քանի որ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների տարաձայնությունների մասին հայտնի է վաղուց: Եվ պատերազմով ճնշումն ակնհայտորեն կատարվում է Իրանի իշխանության ճյուղերից մեկի վրա: Կարելի է միայն կանխագուշակել, թե ինչի շուրջ է ընթանում առեւտուրը: Հասկանալի է, որ խոսքը միայն նավթի ու գազի մասին չէ, այլ աշխարհի բոլոր պետությունները համաշխարհային կառավարման որոշակի համակարգի մեջ մտցնելու շուրջ է, որտեղ առաջին հայացքից թվում է, որ բոլոր պետությունները սուվերեն են, սակայն գործնականում նրանք մեկ համակարգի մասն են: Ակնհայտորեն Իրանին ցանկանում են մտցնել այդ համակարգի մեջ: Իրանի հոգեւոր առաջնորդը դեռ դիմադրում է, սակայն դա չի կարող երկար շարունակվել: Չնայած պատերազմելու իրանցիների պատրաստակամությանը, երկրի ղեկավարությունը ստիպված է լինելու ծանրակշիռ փաստարկներ առաջարկել իր քաղաքացիներին պատերազմի, սեփական կյանքը զոհելու գնի դիմաց: Եվ եթե նախկինում դա իսլամական գործոնն էր, ապա այժմ, երբ հակաիրանական կոալիցիայում են արդեն Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, այդ գործոնը կարող է չաշխատել: Իրանի ղեկավարությունը դեռ օգտագործում է սիոնիզմի ու Իսրայել պետության գործոնը: Սակայն ինչ-որ պահի Իսրայելը կարող է ձեռք մեկնել Իրանի ժողովրդին, եւ ղեկավարությունը կզրկվի միակ փաստարկից: Հայաստանի համար շահավետ է իրանական խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Երեւանում, ինչպես եւ Թեհրանում, հավանաբար հասկանում են, որ ռազմական էսկալացիան մեծամասամբ բլեֆ է, սակայն հասկանում են նաեւ, որ որոշակի կետում իրանցիները ստիպված են լինելու ընտրություն կատարել: Եվ այդ իրավիճակում չեզոքությունը, իհարկե, լավագույն տակտիկան է: Առավել եւս, որ Հայաստանին չեն մերժում չեզոքության իրավունքը: Եթե Ահմադինեջադի շրջայցը Հարավային Ամերիկայում անմիջապես կոչել են նոր դաշնակիցներ փնտրելու հուսահատ փորձ, ապա Վաշինգտոնը չի արձագանքել Իրանի նախագահի այցին Երեւան դեկտեմբերի 24-ին, ինչպես նաեւ այն տեղեկատվությանը, ըստ որի, իրանական գազի ներմուծման դիմաց Հայաստանն արդեն 2 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանել, եւ Ահմադինեջադի Երեւանում արած հայտարարությանը, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի ու Իրանի քարտեզի փոփոխություն: Դա նշանակում է, որ Երեւանը Իրանից պահանջել է գոնե անուղղակիորեն ճանաչել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, եւ Իրանը կատարել է պահանջը: Նաիրա Հայրումյան

No comments: