Thursday, January 26, 2012

Դինքի սպանության գործով դատավորի և դատախազի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Tert.am. 26-1-2012- Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավոր Ռուստեմ Էրիյիլմազի և դատախազ Հիքմեթ Ուսթայի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Ինչպես գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Թուրքիայի դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդն Ուսթայի և Էրիյիլմազի նկատմամբ որոշել է հետաքննություն սկսել Դինքի սպանության գործով կայացված վճռի հրապարակումից հետո վերջիններիս արած հայտարարությունների համար։ Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Նեսլիհան Էքընջին ասել է, որ Էրիյիլմազի նկատմամբ քննություն սկսվելու է «Դինքի սպանության գործում հանցախումբ չկա, բայց...», իսկ Ուսթայի նկատմամբ՝ «հանցախմբի գոյության մասին շատ փաստեր կան, հանցախումբ էլ կա ու մի բան էլ ավելի, դատարանը, սակայն, դրանք չքննեց....։ Դինքի դատավարությունը խայտառակություն է» հայտարարությունների առնչությամբ։ Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, արդարացվեց սպանության գործով, սակայն 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ 2004թ. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկության կազմակերպմանը մեղսակից լինելու համար։ Բացի այդ, դատարանը սպանության գործով անցնող բոլոր 19 մեղադրյալների վրայից հանեց որևէ հանցախմբի անդամակցելու մեղադրանքը։ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Թոմաս Համարբերգը, անդրադառնալով վերոնշյալ դատավճռին, ասել էր, թե իրեն պարզապես ցնցել է այն. «Ինձ էլ ավելի զարմացրեց այն, որ սպանության գործով դատախազն ու դատավորն են դժգոհ դատավճռից....։ Այդ դեպքում ինչու կարճեցին գործը։ Զարմանում եմ, որ դատավորը նման բան է ասում, բայց կարճում է գործը»։

No comments: