Հայաստանում նոր տարին հատկանշական կդառնա երկու թեմաների համատեղմամբ՝ իշխանություն եւ պատերազմ: Այս երկու թեմաները կդառնան անբաժանելի, եւ Հայաստանում քաղաքական խմբերը ավելի ուշադիր կվերաբերեն հնարավոր գործընկերների փնտրտուքին տարբեր պետություններում, եւ Ադրբեջանը չի լինի բացառություն:Ադրբեջանում իշխող ռեժիմը բնական կերպով հայկական ակտուալ ընդդիմության գործընկերն է, որը չգիտես ինչու ինքզինքը կոչում է «Հայ ազգային կոնգրես»: Բաքվում չեն թաքցնում, որ մեծ հույսեր են կապում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա զինակիցների քաղաքական հեռանկարի հետ, քանի որ ենթադրում են, կամ հնարավոր է վստահ են առանց հատուկ պայմանների Ղարաբաղը հանձնելու այդ խմբավորման մտադրությանը:
Իհարկե, կասկած չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լավագույն միջոցն է Ադրբեջանի խնդիրները լուծելու համար, քանի որ նա հավատարիմ է իր նախկին ու ներկայիս դիրքորոշմանը՝ որ Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանի ինքնիշխանության տակ:
Ադրբեջանի ներկայիս իշխանության եւ հայկական ընդդիմության դաշինքն արդեն էական ուժ է Հայաստանի ներքին քաղաքականությունում, եւ հայ ազգայնականները պետք է փորձեն գործընկերներ փնտրել Ադրբեջանում, իրենց շահերի շրջանակում: Այդպիսիք են, անշուշտ, քաղաքական ուժերը, որոնք չեն տեղավորվում ադրբեջանական ներկայիս հասարակության պարադիգմայի մեջ, այսինքն իսլամիստները, որոնք իրանամետ ուժեր են եւ հակաթուրքական տրամադրություններ ունեն: Պետք է նշել, որ մինչ հայ ազգայնականները խորհեն այս մասին, Հայաստանի ներկայիս իշխանությունը իրական հնարավորություն ունի Ադրբեջանում իսլամական ուժերի հետ գործընկերային հարաբերություն հաստատելու համար:
Բանն այն է, որ Ադրբեջանում շիա իսլամական քաղաքական կազմակերպությունները, նախ, ներկայացնում են իրանալեզու էթնիկ եւ տարածաշրջանային խմբեր, եւ երկրորդ, գտնվում են Իրանի ուժեղ ազդեցության ներքո, որի հետ Հայաստանն այսպես թե այնպես կմտնի քաղաքական ու ռազմական դաշինքի մեջ, որոշակի ձեւաչափով:
Սակայն, այս ամենն ամենեւին չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի գործընկերությունը Ադրբեջանի իշխանության հետ ենթադրում է պատերազմի չվերսկսելը: Պատերազմը տեղի կունենա, ընդ որում, նախօրոք մտածված սցենարով, երբ իշխանության հասած «Հայ Ազգային կոնգրեսը» կհայտարարի, որ պատերազմը օբյեկտիվորեն տանուլ է տրված, եւ ստիպված ենք Ղարաբաղը զիջել Ադրբեջանին: Ընդ որում, պարտության պատասխանատվությունը դրվելու է ներկայիս իշխանության վրա:
Ինչպես էլ Հայաստանի քաղաքական խաղի մասնակիցները փորձեն ինտրիգների մեջ մտնել եւ ծրագրավորել քաղաքական պայքարի հնարքները, գլխավոր ինտրիգը տեղի է ունենալու պատերազմի վերսկսման հնարավորության շուրջ: Հարցն այն է, թե որքանով դա ընդունելի կլինի Հայաստանի ռազմական ղեկավարության, Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի համար:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment