Monday, January 9, 2012

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 88 տարեկան

Panorama.am. .9-1-2012- Այսօր, հունվարի 9-ին հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. համաշխարհային հռչակ ունեցող կինոռեժիսորն այսօր կդառնար 88 տարեկան:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Փարաջանովի արվեստի երկրպագուները կհավաքվեն նրա շիրիմի մոտ` Կոմիտասի անվան պանթեոնում, կհիշեն 20-րդ դարի լավագույն արվեստագետներից մեկին, ով անցել է կյանքի ու ստեղծագործության դժվար ու քարքարոտ ճանապարհներ:
Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ավանդության համաձայն, այսօր ժամը 1-ին կայցելեն պանթեոն, այնուհետև կգնան թանգարան, և հարիսայի սեղանի շուրջ կհիշեն մեծն ռեժիսորին:
Սերգեյ Փարաջանովը կամ Սարգիս Փարաջանյանը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: 1952 թ. ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա ֆիլմերը՝ «Մոռացված նախնիների ստվերը», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշիկ Քերիբը» բազմիցս արժանացել են միջազգային փառատոնների հեղինակավոր մրցանակների և դասվում են համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների շարքը։
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին Երևանում, թոքերի քաղցկեղից: Մահվանից մեկ տարի անց Երևանում բացվել է Փարաջանովի տուն-թանգարանը: Բնակության և թանգարանի համար տարածքը տրամադրվել էր դեռ 1988թ-ին, սակայն աղետալի երկրաշարժի պատճառով հետաձգվել էր նորոգումն ու բացումը: Փարաջանովի տուն-թանգարանում պահվում են նրա աշխատանքները, որի հիմնական մասը գծանկարներ են, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև Փարաջանովի կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված Թբիլիսիի տան կահ-կարասին և անձնական իրերը։
Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն, իսկ ամբողջական հավաքածուն 1400 նմուշ է։ Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ։

No comments: