Monday, January 9, 2012

Սերժ Սարգսյանը մեկ տարի է՝ բանակում տեղի ունեցող դեպքերի մասին ոչ մի բառ չի արտասանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, լրագրող Ծովինար Նազարյանը:

- Ծովինար, մեկուկես տարի է՝ ակտիվորեն պայքարում եք բանակում տեղ գտած ապօրինությունների դեմ: «Բանակն իրականում» նախաձեռնությունն արդեն մի քանի ամիս է՝ ակտիվորեն պայքարում է բանակում իրավիճակը փոփոխելու համար: Արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակում սպանությունների դեմ պայքարը համակարգված բնույթ է սկսում ստանալ:
-Չէի ասի, որ պայքարը համակարգված է, բայց այն համակարգված դառնալու միտում ունի: Կարելի է ասել՝ դրա շնորհիվ է, որ պաշտպանության նախարարությունն ավելի բաց է սկսել աշխատել: Մինչև մեր բուն պայքարն էլ ՊՆ-ն սկսել էր յուրաքանչյուր մահվան դեպքի մասին հաղորդագրություն տարածել, իսկ վերջերս, եթե նկատել եք, նաև քննչական ծառայության մամլո ծառայությունն է սկսել արձագանքել լրատվամիջոցների հարցումներին կամ հաղորդագրություններ տարածել, թե որ դեպքի առիթով ինչ գործ է հարուցվել և այլն: Այսինքն՝ միակ առաջընթացն այս պայքարի արդյունքում թերևս այն է, որ բանակի թեման այլևս տաբու չէ: Ճիշտ է՝ չորս կողմից անընդհատ փորձում են սահմանափակել խոսքի ազատությունը, պաշտպանության նախարարությունը և նախարարությանը հարող փորձագետները փորձում են ներկայացնել մեր բողոքը որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնող» կամ բանակը «վարկաբեկող», այսինքն՝ ներկայացնել իբրև թե մերժելի երևույթ, բայց իրականում նրանք ուզում են, որ մարդիկ չխոսեն իրենց պրոբլեմներից, որովհետև իրենց ձեռնտու չէ այդ պրոբլեմները լուծել:
Պայքարը, սակայն, ունի համակարգված բնույթ ստանալու միտում, քանի որ նրան միանում են ավելի ու ավելի շատ մարդիկ, Հայաստանում գործող գրեթե բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները հետաքրքրված են և շահագրգռված մասնակցություն են ցուցաբերում բանակի խնդիրներին, զբաղվում են բանակին առնչվող տարբեր հարցերով, այդ թվում՝ կոնկրետ սպանության դեպքերով: Ընդհանուր առմամբ բանակի բարեփոխումների համար պայքարում գրեթե բոլոր իրավապաշտպան կազմակերպություններն ընդգրկված են, ընդգրկված են անհատ ակտիվիստներ, որոնցից շատերը համախմբված են «Բանակն իրականում» խմբում:

- 2012-ին ի՞նչ ծրագրեր և սպասելիքներ կան: Գիտեմ, որ «Բանակն իրականում»-ը լուրջ հետազոտություն է անցկացնելու՝ պարզելու համար բանակում կոռուպցիոն ռիսկերը:
-Մեր ցանկությունները և ծրագրերը մի քիչ մաքսիմալիստական են, բայց մյուս կողմից հասկանում ենք՝ միանգամից ամեն ինչ չենք կարող անել: Հակառակ մեր փոքր ուժերին, համարյա զրո ֆինանսներին՝ մեզ մոտ մարդկային ռեսուրսներն են բավական լավը, և դրա վրա է մեր հույսը: Մեր մինիմում նպատակն է հասնել նրան, որ բանակում ոչ մի զոհ չլինի. սա մեզ համար մեծ նվաճում կլինի: Բայց, իհարկե, խնդիրն ավելի գլոբալ է. ընդհանրապես առկա են բռնության, հոգեբանական ճնշումների, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հաստատման խնդիրները, որոնց ծայրահեղ դրսևորումն են մահվան ելքերը: Շատ կուզեինք՝ այդ ամենը ուղղվեր, շտկվեր, իսկ դրա պատճառները մենք հիմնականում տեսնում ենք կոռուպցիայի, ինչպես նաև Խորհրդային Միության բանակից ժառանգած կիսագողական դրվածքի մեջ,և բանակը քաղաքականությունում օգտագործելու մեջ, և հենց այդ պատճառով մենք պատրաստվում ենք լուրջ հետազոտություններ անցկացնել: Եթե հիշում եք, անցյալ տարի աշնանը այդ թեմաներով մենք հրավիրեցինք ֆորում, հրավիրեցինք նաև զինվորական դատախազության և ՊՆ աշխատակիցների: Նրանք, իհարկե, ողջունեցին ֆորումը և դրական գնահատեցին այն, սակայն հետո իրենց կեցվածքը, ցավոք, շատ չփոխվեց: Գիտեք, որ նորից շարունակվում են մահվան դեպքերը, որոնք առաջին իսկ ժամից հռչակում են որպես ինքնասպանություն, շարունակում են եղած մահվան գործերով նույն ապօրինի նախաքննությունը, նույն ապօրինի դատավարությունները վարել: Եղբորս գործով զբաղվում եմ և մաշկիս վրա եմ դա զգում. բանակի հարցերով քաղաքականության փոփոխություն ընդհանրապես չի նկատվում:

-ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշում է, որ բանակում սպանության ելքով դեպքերի թվերը նախորդ տարվա համեմատ նվազել են: Արդյոք այդ միտումը նվազե՞լ է, և արդյոք սա պայմանավորվա՞ծ է բանակի դեպքերի նկատմամբ հասարակության բուռն արձագանքով:
-Ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ զգում, որ նվազել է, որովհետև եթե շաբաթը մեկ կամ շաբաթը երեք անգամ լսում ես մահվան կամ մարդուն հոգեկան խանգարման հասցնելու դեպքերի մասին, այդպիսի զգացողություն՝ թե նվազել է, հաստատ չես կարող ունենալ: Կարող է ՊՆ-ի համար դա ընդամենը վիճակագրություն է, բայց մեզ համար դա վիճակագրություն չէ, մի ամբողջ ընտանիքի ողբերգություն է: Եկեք ինձ համոզեք, որ իմ եղբոր մահը ինձ պետք է մխիթարի նրանով, որ ինքը այդ տարի սպանված հիսուն մարդուց մեկն էր, մինչդեռ դրանից մի քանի տարի առաջ 60 հոգի էր սպանվել: Ինձ այդ ցուցանիշը չի հետաքրքրում, ինչպես և մյուս բոլոր որդեկորույս ընտանիքներին: Ինձ չի հետաքրքրում՝ քանի հոգի են սպանվել, ինձ հետաքրքրում է այն՝ թեկուզ մի հոգին, որ սպանվել է, այն՝ թեկուզ մի հոգին, որ խեղվել է:

-Համակարգային փոփոխություններ են պետք բանակում, ավելի շատ խոսում են բանակում կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին:
-Կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, բայց սա ավելի շուտ համակարգային խնդիր է, որովհետև եթե Սեյրան Օհանյանին փոխարինի Ալիկ Միրզաբեկյանը կամ Յուրի Խաչատուրովին՝ մեկ ուրիշը, դա ոչինչ չի փոխելու բանակում: Սա անձերի խնդիր չէ, այստեղ համակարգի, դրվածքի խնդիրն է, որ իշխանությունները սահմանել են ամբողջ երկրում. տնտեսությունից, սոցիալական հարաբերություններից մինչև բանակ նույն գողական հարաբերությունների մոդելն է, և սա իսկապես համակարգային խնդիր է: Երևի ամբիցիոզ հնչի, բայց բանակում փոփոխությունների կարող է բերել ամբո՛ղջ երկրում իշխանական այսպիսի համակարգի փոփոխությունը: Մյուս կողմից, իհարկե, մենք չպետք է ձեռքներս ծալենք, սպասենք՝ մինչև ընտրություններ լինեն կամ իշխանություն փոխվի: Բանակը կարելի է և պետք է հենց այսօր էլ փոխել, միայն թե քաղաքական կամք լինի:

-Այսինքն՝ ցանկությունը միայն բավակա՞ն կլինի փոփոխությունների համար:
-Իհարկե, սա քաղաքական կամքի՛ հարց է: Մենք անընդհատ թիրախավորում ենք պաշտպանության նախարարին, որը կարծես մարմնավորում է բանակը, և պե՛տք է թիրախավորենք, բայց մոռանում ենք, որ նա վերադաս ունի, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, և որը նշածս արատավոր համակարգի պատասխանատուն է ոչ միայն բանակում, այլև ամբողջ երկրում: Նա մեկ տարի է՝ բանակում տեղի ունեցող դեպքերի մասին ոչ մի բառ չի արտասանել: Բանակի հետ կապված՝ Սերժ Սարգսյանը վերջին անգամ «երևաց» անցյալ տարի հունվարի 27-ին. նա մոտեցել էր բանակի օրվա առթիվ նախագահականի միջոցառման ժամանակ նստավայրի դարպասների մոտ ցույց անող որդեկորույս մայրերին ու ճաղերի հետևից ինչ-որ խոստումներ էր տվել: Սա էր եղել պրոբլեմներին անդրադառնալու նրա միակ ձևը: Ապշելու է, որ ամբողջ հասարակությունը հուզված քննարկում է այս թեման, բայց գերագույն գլխավոր հրամանատարից ոչ մի բառ չի հնչում՝ ինչ է մտածում և ինչ է մտադիր անել: Սա աբսուրդ է: Ավելին, սա հանցավոր վարքագիծ է, որի հետևանքը նորանոր խեղված ճակատագրերն են:
1in.am. 8-1-2012.

No comments: