1in.am. 12-2-2012- Ես՝ որպես մարդ, ՀՀ քաղաքացի դեմ եմ, որ այս տարի մասնակցենք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին։ Դա իմ անձնական կարծիքն է։ Բայց եթե մեր մասնակցությունն այդքան անհրաժեշտ է մեր պետությանը, թող մասնակցի։ Եթե պետք է, որ մեր երկիրն անպայման մասնակցի, ուրեմն թող մասնակցի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգչուհի Ալլա Լևոնյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք անհրաժե՞շտ է մասնակցել այս տարի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրջազգային մրցույթին։
Նրա խոսքով՝ ինքը ոչ մի ձևով եզրեր չի փորձում գտնել ադրբեջանցիների հետ։ «Նրանք ինձ համար տհաճ են, թշնամի են ու նույնիսկ եթե պետք էլ է, նրանք այդքան չարժեն, որ մենք գնանք ու մասնակցենք «Եվրատեսիլին»»,- ասաց երգչուհին։
Հարցին՝ ո՞ւմ կցանկանար, այնուամենայնիվ, տեսնել երգի մրցույթում, Ա. Լևոնյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ, պետք է Հայաստանը ներկայացնի լավագույն կատարողը, որ պատվով ներակայացնի մեր երկիրը։ Սակայն այստեղ, ըստ երգչուհու, առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ այդ մի երաժիշտի ուսերին այնքան մեծ պատասխանատվություն է դրվում։ «Պետք չի թողնել նրա ուսերին այդ մեծ բեռը։ Մենք սիրում ենք խոսել, եթե ինչ-որ մի բան այնպես չի ընթանում։ Տեղից էլ շատ են քննարկում, և այդ մարդը միշտ քարկոծվում է, իսկ հիմա, երբ կատարողին ուղարկում ենք թշնամու երկիր, վտանգը կրկնակի է դառնում, որովհետև մենք սիրում ենք կառչել մեկ մարդուց կամ մի երևույթից՝ դա սպորտը կլինի, երգարվեստը, թե քաղաքականությունը։ Նա կդառնա զոհ»,- համոզված նշեց երգչուհին։
Ա. Լևոնյանի համոզմամբ՝ մրցույթին Հայաստանը պետք է ներկայացնի այնպիսի կատարող, որն ունենա թե՛ վոկալային տվյալներ, թե՛ շարմ ու արտաքին տվյալներ։ Երգչուհու համոզմամբ՝ այդտեղ մեծ է Հանրային հեռուստաընկերության դերը, ով պետք է շատ աշխատանք կատարի՝ պետք է գեղեցիկ շոու ներկայացնի, ծախսատար լինի, որ ճաշակով լինի։ «Մենք եթե գնում ենք, ուրեմն պետք է իրենց էլ, աշխարհին էլ ներկայացնենք մեր լավագույնը։ Եթե այդպես չի լինելու, ավելի լավ է չգնանք»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին՝ Լուսիա Մուն, «Դորիանս» ռոք խումբ, ապա նա նշեց, որ չի ճանաչում ամերիկաբնակ երգչուհուն, իսկ ինչ վերաբերում է «Դորիանսին», ապա նշեց, որ հավանում է խմբին, միայն պետք է ճիշտ երգ ընտրել, «բայց որ ներկայանալի են, դա հաստատ է»։
«Լավ կլինի, որ Ռազմիկ Ամյանը գնա։ Նա էլ շատ լավ երգիչ է, սակայն միայն լավ երգիչ լինելն էլ քիչ է։ Վոկալի առումով խնդիր չունեն թե՛ Գոռը («Դորիանս), թե՛ Ռազմիկը, թե՛ Մհերը։ Կարող են ներկայանալի լինել երեքն էլ ու արտիստիկ են»,- նկատեց նա։
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment