Wednesday, February 22, 2012

Ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կհայտնվի 6 կուսակցություն. Ահարոն Ադիբեկյան

1in.am. 22-2-2012- ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվի 6 կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր տեսակետը հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` լրագրողներին ներկայացնելով գալիք Աժ ընտրությունների հնարավոր մասնակիցների ելակետային վարկանիշները: Նշենք, որ տվյալների վերաբերյալ հարցումներն իրականացվել են 2012թ հունվարին՝ ՀՀ բոլոր մարզերի 1650 չափահասների շրջանում: Նա նշեց, որ ներկայացվելիք տվյալները մեկնարկային են, որոնք ենթակա են փոփոխման, քանի որ ընտրության եկողների միայն 40%-ն է կողմնորոշված: «Երբ մենք դիտարկում ենք ձայների բաշխվածությունը, նախ որոշում ենք մի քանի կարևոր հանգամանքներ` ո՞վ է մասնակցում ընտրություններին, ո՞վ է առաջնորդը, ծանո՞թ են նրանց նպատակներին, ծրագրերին, թե՞ ոչ: Հետաքրքիր պատկեր է ստացվում. առաջնորդներին ավելի լավ գիտեն, քան կուսակցությունները, այսինքն` առաջնորդը բրենդ է կուսակցության համար: Հարցվածները կուսակցության նպատակի մասին բավականին աղոտ պատկերացում ունեն»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ որոշվում է նաև այն, թե կուսակցությունն ունի կայունացնո՞ղ, թե՞ ապակայունացնող դերակատարություն: Ըստ նրա` բոլորին թվում էր, թե ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կարող էին բերել քաղաքական համակարգի ապակայունացման, իշխանական թևի թուլացման, իսկ իրականում դա լրիվ հակառակն է՝ երկկուսակցական քաղաքական համակարգում ժողովրդավարությունն ավելի լավ է իրեն զգում՝ ԱՄՆ օրինակով: Բանախոսը մեկնաբանեց, որ եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իսկապես լուրջ հակառակորդներ դառնան, յուրաքանչյուր տեղամասում կունենանք հանձնաժողովների հակառակորդ անդամներ, այդ ժամանակ խախտումները կտրուկ կնվազեն, այնպես որ՝ երկու խոշոր խաղացողների մրցակից, ախոյան դառնալու դեպքում բավական դրական արդյունք կլինի: «Կայունացնող դերակատարություն ունեն երկու կուսակցություններ`ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նրանք մոտ են դրական ցուցանիշով` + 11՝ ԲՀԿ, + 13՝ ՀՀԿ, որոնք միասին տալիս են մոտավորապես 24 % կայունացման գործակից: Նրանք մեր քաղաքական համակարգի ամենակարևոր սյուներն են»,- նշեց բանախոսը: Անդրադառնալով հարցվածների շրջանում ընտրությունների արդարության նկատմամբ հավատին` սոցիոլոգն ասաց, որ շատ հաճախ խոսում են վաճառվող ձայների, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման, ճնշումների մասին: Ըստ նրա` ստացվում է, որ այս ազգը չուլ է, և յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է, սակայն, Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, դա այդպես չէ: «40%-ը վստահ է, որ կլինեն լուրջ խախտումներ, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե ընտրությունները համեմատաբար արդար կլինեն, ավելի շատ են`55 %: Հարցվածների 41,3%-ը արդեն իսկ կայացրել է իր որոշումը: Այս փուլում ընտրության մասնակիցների և որևէ մեկի օգտին քվեարկողների թվաքանակը կազմում է 41%, իսկ առավելագույն մասնակիցներինը տատանվում է 58,5-63,2%-ի միջև»,- այս վերլուծությամբ եզրափակեց սոցիոլոգը:

No comments: