Thursday, February 2, 2012

Ցեղասպանությունների օրինագծի չեղարկվելու դեպքում Սարկոզին նորը կներկայացնի. AFP

Tert.am. 2-2-2012- Եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է ներկայացնելու: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիացի երկու նախարարների խոսքերը: «Նախագահը նախարարների կաբինետում մեզ ասել է, որ ինքն անմիջապես նոր օրինագիծ է ներկայացնելու, եթե Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարի վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը»,- գործակալության հետ զրույցում ասել են նախարարները, որոնք ցանկացել են անանուն մնալ: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին: Օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը խորհուրդը պետք է հայտնի մեկ ամսվա ընթացքում։ Գործակալության հետ զրույցում մեկ այլ նախարար էլ ասել է, թե նախագահ Սարկոզին քննադատել է օրինագծի դեմ հանդես եկած խորհրդարանականներին՝ ասելով, որ նրանք «չեն տեսնում իրենց քթի ծայրը»: Սարկոզին հավելել է, որ ցեղասպանությունների ժխտում քրեականացնելու մասին օրինագծի չեղյալ հայտարարումը կասկածի տակ է դնելու նաև հրեաների ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը: Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել երեք հնարավոր որոշումներից մեկը. 1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա: 2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրինագիծ չներկայացվի)։

No comments: